Դուք ԿԳԲ-ի ագենտների կրտսեր գործընկերներ եք․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում կոշտ քննադատության ենթարկեց ընդդիմադիր պատգամավորներին՝ նրանց մեղադրելով կոռուպցիոն համակարգը պաշտպանելու մեջ։ Նա կոչ արեց ընդդիմադիրներին դիմել իրենց քաղաքական առաջնորդներին և հորդորել վերադարձնել պետության կողմից պահանջվող ապօրինի գույքը։
«Ամբողջ խմբակցությունով գնացեք շեֆի որդուն ասեք՝ շեֆի տղա, էդ որ 21 տարեկանում միլիոն փող ունեիր, ու որը երբ քեզնից ու քո հայրիկից ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք փող և գույք, որպես ապօրինի ձեռք բերված գույք պետությունը պահանջում է, ինչի՞ եք երկարացնում, գնացեք մուծվեք բյուջե»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նա անդրադարձավ նաև նախկին պաշտոնյաներից մեկին՝ նշելով, որ վերջինս գտնվում է հետախուզման մեջ․
«Զանգեք Վահե Հակոբյանին, ասեք՝ շեֆ, ինչի՞ ես թռած ման գալիս, դու հետախուզման տակ ես, արի մուծվի գումարները, որոնք պահանջվում են»։
Ռուբինյանը ընդդիմությանը հորդորեց վերադարձնել ապօրինի գույքը՝ ընդգծելով, որ դա կարող է լինել նրանց կողմից պետության համար արված «գոնե մեկ լավ քայլը»։
Նա նաև հիշեցրեց «004» շրջաբերականի հրապարակման շրջանը՝ նշելով, որ այն ժամանակ որոշ ընդդիմադիր գործիչներ ակտիվորեն մեկնաբանում էին այդ փաստաթուղթը։ Ռուբինյանը պնդեց, որ այդ ժամանակ հնչող հայտարարություններում խոսվում էր Հայաստանի անկախությունը «մատաղ անելու» մասին։ Նա անուններ հիշատակեց՝ նշելով Արծվիկ Մինասյանին և Գեղամ Մանուկյանին։
Անդրադառնալով խորհրդարանում ընթացող քննարկմանը՝ նա հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի թեման քննարկվում է այն պայմաններում, երբ ընդդիմության մի մասը, ըստ նրա, փաստացի զբաղված է «իր դեմ պայքարը քննարկելով»։
«Քանի որ քննարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը, մենք ԱԺ-ում այդ հարցը քննարկում ենք էն մտքով, որ ենթադրաբար բոլոր ներկաները պետք է քննարկեն կոռուպցիայի դեմ պայքարը, բայց ամենամեծ խնդիրը գիտե՞ք որն է, որ մենք ունենք խմբակցություն, որը քննարկում է իր դեմ պայքարը։ Դուք ի բնե կոռուպցիայի պաշտպաններ եք, եկել եք պաշտպանելու մարդամեկի 200 միլիոն դոլարները, էդ եք դուք»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց նաև, որ իշխանափոխությունից հետո սպասում էր, թե ընդդիմության քաղաքական վարքագիծը կարող էր փոխվել, սակայն դա տեղի չի ունեցել։ Նա հիշատակեց նաև Գյումրիում տեղի ունեցած դեպքերից մեկը՝ պնդելով, որ ընդդիմության կողմից իշխանություն ստանալուց հետո կարճ ժամանակ անց կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալություններ են եղել։
Իր ելույթի ընթացքում ԱԺ փոխխոսնակը ընդդիմությանը մեղադրեց նաև պատմական տարբեր ուժերի հետ համագործակցության մեջ՝ հայտարարելով.
«Դուք բոլշևիկների կրտսեր գործընկերներն եք, դուք ԿԳԲ-ի ագենտների կրտսեր գործընկերներ եք»։
Նրա խոսքով՝ ընդդիմության գործունեության ամենավտանգավոր կողմը, ըստ իրեն, այն է, որ նրանք «պատերազմի կուսակցություն» են։
«Ձեզ լսելու դեպքում լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ»,– ասաց Ռուբինյանը։
Ելույթի վերջում նա անդրադարձավ նաև սպասվող ընտրություններին՝ նշելով, որ դրանք լինելու են ընտրություն խաղաղության և պատերազմի միջև։
«Հետևաբար հունիսի 7-ի ընտրությունները լինելու են այս մասին․ մարդիկ կամ պետք է ընտրեն պատերազմի և կոռուպցիայի կուսակցությանը, կամ պետք է ընտրեն արդարության և խաղաղության կուսակցությանը։ ՔՊ-ն հունիսի 7-ին պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ապօրինի պահվող գումարը վերադարձնի բյուջե»,- հայտարարեց նա։