Երբ մարդուն ֆեյսբուքում լայքի համար ազատում են աշխատանքից, օբյեկտիվությունից ի՞նչ խոսենք․Դանիելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի կարծիքով՝ Հայաստանում ձևավորված է վախի մթնոլորտ, ինչի պատճառով քաղաքացիների մի մասը խուսափում է անկեղծ պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերին։ Նրա պնդմամբ՝ դա հատկապես նկատելի է իշխանության ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ, երբ քաղաքացիների հարցերին երբեմն կտրուկ արձագանք է լինում։
«Երբ մարդը սովորական մի հարց է տալիս և նման վերաբերմունքի է արժանանում, երբ մարդուն ֆեյսբուքում լայք դնելու համար աշխատանքից ազատում են, կամ քաղաքական այլ հայացքներ ունենալու համար մարդուն հեռացնում են աշխատանքից, օբյեկտիվությունից ի՞նչ խոսենք»,– ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենք ևս ունեն սեփական ուսումնասիրությունները, որոնց արդյունքները, նրա խոսքով, էապես տարբերվում են որոշ հրապարակված հարցումներից։
«Մեր հարցումների գնահատմամբ՝ ՔՊ-ն ընդհանրապես շանս չունի իշխանության գալու»,– ասաց նա։
Դանիելյանը նաև հարց բարձրացրեց՝ ինչու պետք է որոշ կազմակերպությունների հարցումներ ընդունվեն որպես հիմք, իսկ մյուսներինը՝ ոչ։ Նրա խոսքով՝ ընտրական փուլը դեռ ամբողջությամբ չի սկսվել, սակայն իրենց գնահատմամբ այս պահին հավաքական ընդդիմությունն ավելի շատ ձայներ ունի, քան գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա նշեց, որ քաղաքական գործընթացները դեռ կարող են փոփոխվել, և ընդդիմությունը հնարավորություն ունի ավելացնելու իր ընտրազանգվածը, մինչդեռ, իր կարծիքով, վարչապետի վարկանիշի անկումը դժվար թե փոխվի։
Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից ստեղծված վախի մթնոլորտը մտահոգիչ է, քանի որ, ըստ նրա, այդ պայմաններում քաղաքացիները հաճախ չեն ունենում ազատ կարծիք արտահայտելու և անկեղծ դիրքորոշում հայտնելու հնարավորություն։
«Տավուշում մարդը գալիս ասում է, որ անարդարություն է տեղի ունեցել, իր աղջկան աշխատանքից ազատել են, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հանկարծ այդ աղջկան չտեսնեմ մանկապարտեզի տնօրեն։ Եվ այդքանից հետո դուք մտածում եք, որ Հայաստանում կա մթնոլորտ, որ քաղաքացին կարողանա անկեղծ իր սրտի ուզածն ասել»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ ընտրություններին դեռ ժամանակ կա, և քաղաքական ուժերը պետք է այդ ընթացքում ներկայացնեն իրենց ծրագրերն ու հնարավորություն տան հասարակությանը գնահատել իշխանության նախկին խոստումները։
Դանիելյանի պնդմամբ՝ իշխանության կողմից նախընտրական ծրագրերում ներառված բազմաթիվ խոստումներ չեն իրականացվել։
Նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունն իր ծրագրերի ներկայացման միջոցով կկարողանա հասնել իր քաղաքական նպատակներին