Ի՞նչ է սպառնում Հայաստանից արտահանձնված օտարերկրյա քաղաքացիներին իրենց երկրներում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Կտրել գլուխը՝ գլխացավից ազատվելու համար. ի՞նչ է սպառնում Հայաստանից արտահանձնված օտարերկրյա քաղաքացիներին իրենց երկրներում» խորագրով։ Բանախոսներ՝ -Արսեն Սարդարյան, փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, կառավարող գործընկեր, -Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար, իրավապաշտպան։ —————————————————————————— ՀՀ-ում օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք Հայաստանում են իրենց երկրում քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով: Իրենց քաղաքացիության կամ բնակության երկրներում այս քաղաքացիների հանդեպ քաղաքական նպատակներով հարուցված են քրեական գործեր: Կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն ետ վերադառնալու դեպքում նրանք կենթարկվեն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, անմարդկային և մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ արտադատական մահապատժի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վարույթում, ի թիվս այլ գործերի, կան նաև Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական հետապնդման հիմքով քրեական հետապնդման ենթարկվող երեք ՌԴ քաղաքացիների՝ Վլադիմիր Ուխալովի, Պավել Դանիլովի և Դմիտրի Շիգաևի գործերը: Այս քաղաքացիները ՀՀ կողմից ՌԴ-ին արտահանձնվելու վտանգի առջև են։ Մեդիա կենտրոնը դիմեց Արդարադատության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ այս թեմայով քննարկմանը մասնակցելու առաջարկով, սակայն երկու դեպքում էլ ստացավ մերժում։ Արտահանձնումը թույլատրելով՝ ՀՀ-ն ուղղակիորեն կխախտի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով ստանձնած պարտավորությունները։