Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առուշ Առուշանյան
A A
Քաղաքականություն

Առուշ Առուշանյանի գործով փորձաքննություն է նշանակվել

Դատախազությունը կասկածի տակ է դնում Առուշ Առուշանյանի ներկայացրած փաստաթղթի օրինականությունը: Պատասխանողի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը դատարանին ներկայացրել է 20.06.2016 թվականին Առուշ Առուշանյանի եւ Գագիկ Առուշանյանի միջեւ կնքված փոխառության պայմանագրի բնօրինակը։ Ներկայացրել է նաեւ Առուշ Առուշանյանի կողմից 2014-2017 թվականների ընթացքում «Գոր Մետալ» ՍՊ ընկերությանը տրված եւ վերադարձված փոխառությունների դրամարկղային մուտքի եւ ելքի օրդերները։

  Սակայն դատախազությունը, ուսումնասիրելով այդ ժամանակահատվածում Առուշ Առուշանյանի սահմանահատումների պատմությունը, պարզել է, որ վերջինս 22.12.2013-15.01.2014 թվականների ընթացքում գտնվել է ՀՀ սահմաններից դուրս, մինչդեռ փոխառության տրամադրման վերաբերյալ դրամարկղային մուտքի օրդերը թվագրված է 13.01.2014 թվականով։

 Հենց այդ անհամապատասխանությունները հաշվի առնելով՝ դատախազության մոտ կասկածներ են առաջացել եւ դատարանին խնդրել է նշանակել փորձաքննություն: Հակակոռուպցիոն դատարանն էլ բավարարելով միջնորդությունը՝պարզաբանման համար փորձագետներին առաջադրել է հետեւյալ հարցերը.

 1․ Առուշ Առուշանյանի եւ Գագիկ Առուշանյանի միջև կնքված փոխառության պայմանագրի բնօրինակի (թվագրված 20.06.2016թ.) կազմման ժամանակահատվածը արդյո՞ք համապատասխանում է դրա թվագրման ամսաթվին, թե՞ ոչ։

2. Առուշ Առուշանյանի 2014-2017 թվականների ընթացքում «Գոր Մետալ» ՍՊ ընկերությանը տրված և վերադարձված փոխառությունների դրամարկղային մուտքի և ելքի օրդերների բնօրինակները արդյո՞ք համապատասխանում են դրանց թվագրման ամսաթվին, թե՞ ոչ։

3. Եթե ոչ, ապա ե՞րբ են 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերը կազմվել, իսկ կազմման հստակ ժամանակահատվածը պարզելու անհնարինության դեպքում՝ առավելագույնը որքա՞ն կարող է լինել դրանց կազմման վաղեմությունը։ 

4. Փորձագետին (փորձագետներին) խնդրել պատասխանել նաև այն հարցերին, որոնք թեև նշված չեն, սակայն առաջանում են փորձաքննության ընթացքում, մտնում են փորձագետների իրավասության մեջ, և որոնց պարզաբանումը կարող է կարևոր նշանակություն ունենալ փորձաքննության լիարժեքության ապահովման տեսանկյունից։

  Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին: Այս հայցադիմումով . Առուշ Առուշանյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ ՀՀ-ի պահանջում են բռնագանձել 253մլն 583 հազար 891 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել, ինչպես նաեւ 370 մլն 77 հազար ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ։