Բացել լրահոսը Փակել լրահոսը
656962704_1323243173162365_850947941247492205_n
A A
Պաշտոնական

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։
Ըստ տվյալների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդը, նախնական պայմանավորվածությամբ իր 40-ամյա համերկրացու հետ, Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ ու մեքենայով ուղևորվում էր Երևան։
Տղամարդը Կապանում հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կշռող մեթամֆետամինով երեք փաթեթ, մեկ կիլոգրամից ավելի՝ հերոինով փաթեթ, ինչպես նաև 34 դեղահաբ։
41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։