A
A
Իրանի հետ գործարքը կարող է ապահովել երկարաժամկետ խաղաղություն Մերձավոր Արևելքում․ Թրամփ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը նախաձեռնել բանակցությունները՝ փորձելով կանխել իր խոշորագույն էլեկտրակայանների հնարավոր ոչնչացումը։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստվում էր հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, որոնց կառուցման արժեքը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։
«Վաղն առավոտյան պետք է պայթեցնեինք նրանց խոշորագույն էլեկտրակայանները։ Մի հարված՝ և ամեն ինչ կփլուզվեր։ Այդ պատճառով էլ նրանք զանգեցին։ Ոչ թե ես, այլ իրենք։ Նրանք ցանկանում են համաձայնագիր»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է գնալ գործարքի, սակայն այն պետք է ներառի հստակ պայմաններ՝ «ոչ մի պատերազմ և ոչ մի միջուկային զենք»։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն պահանջում է Իրանից լիովին դադարեցնել ուրանի հարստացումը և փոխանցել արդեն կուտակված բարձր հարստացված ուրանը։
ԱՄՆ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Իսրայելը կհամաձայնի հնարավոր խաղաղության համաձայնագրին, եթե բանակցությունները հաջող ավարտվեն։
«Կարծում եմ՝ Իսրայելը շատ գոհ կլինի։ Դա կլինի երկարաժամկետ, երաշխավորված խաղաղություն»,- նշել է նա։
Միաժամանակ՝ Թրամփը մեկնաբանել է Իրանի ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածների և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա իրականացվող հարվածների համեմատությունը՝ ընդգծելով, որ դրանք «ամբողջովին տարբեր» են։
Նրա խոսքով՝ տարբերությունը պայմանավորված է Իրանի միջուկային ծրագրով և երկրի երկարամյա քաղաքականությամբ։
«Դուք խոսում եք մի երկրի մասին, որը 47 տարի եղել է չարի մարմնավորում։ Եթե նրանք ունենային միջուկային զենք, կարող էին ոչնչացնել Մերձավոր Արևելքը և վերջնականապես վերացնել Իսրայելը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ բանակցություններում ներգրավված է «շատ բարձր մակարդակի» իրանցի ներկայացուցիչ, որին Վաշինգտոնը համարում է ազդեցիկ և հարգված առաջնորդ։