Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը կարող է էներգետիկ առումով լինել ինքնաբավ երկիր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանը պետք է դուրս գա «էներգառեսուրս չունեցող երկրի» կարգավիճակից, քանի որ իրականում մենք հարուստ ենք այդ ռեսուրսներով,- կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի էներգետիկ ապագային և արևային էներգիայի պոտենցիալին։ 

Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այժմ գտնվում է պատմական մի փուլում, երբ հնարավոր է փոխել էներգետիկայի մասին տասնամյակներով ձևավորված ավանդական պատկերացումները։ «Մենք սովոր ենք մեր ավանդույթից և պատմությունից, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք։ Այդ էներգառեսուրսը, առանց մեր կառավարման, ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավոր... ա՜, վերևում, իրիկունը գնում ա, առավոտ գալիս ա, իրիկունը գնում ա, և դա արևն ա»,- հայտարարեց վարչապետը։

Ըստ նրա՝ առանց չափազանցության, Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով լիարժեք ինքնաբավ երկիր։ Վարչապետը հիշեց նաև նախկինում ոլորտի մասնագետների հետ ունեցած բազմաթիվ քննարկումները, որոնք, ըստ նրա, հաճախ հոռետեսական են եղել։

«Ես հիշում եմ այս շենքում առնվազն հինգ-վեց քննարկում... և 1-ից մինչև 15-րդ արձագանքը եղել է, որ «չէ՛, դա չի լինի, դա հնարավոր չի»։ Չգիտեմ՝ էլեկտրաէներգիան լինում է այսպես, բարդ բանաձևեր գրատախտակի վրա... Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետև մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում»։

Փաշինյանի խոսքով՝ այդ բարդ բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանը, փաստացի, արդեն ստեղծել է երկու Մեծամորի ատոմակայանի հզորությանը հավասար արևային էներգիայի պաշար։  Նա  շեշտեց, որ ռազմավարությունները պետք է հենվեն հենց արևային էներգիան «որսալու» և պահելու վրա, մինչև արևը «պտվի ու հետ գա»։

Վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փոխել ընդհանուր մտածողությունը. «Էներգետիկան քաղաքակրթական ցուցիչ է։ Մեր առաջին գործը սովորելն է։ Ոլորտի ամենահարգելի մասնագետները և մենք բոլորս պետք է սովորենք, թե ինչ է նշանակում էներգետիկա 21-րդ դարում»։