ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության և անգործության համար ստացել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 10.500 ԱՄՆ դոլար և 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը հասարակական կազմակերպությունում իրականացվող հարկային ստուգումը ՀԿ-ի օգտին անցկացնելու և առկա խախտումները չարձանագրելու համար կազմակերպության տնօրենից ընդունել է խոշոր չափերով՝ 8.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը: Արդյունքում՝ հարկային տեսուչը տնօրենից 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսերին մաս-մաս ստացել է կաշառքի ընդհանուր գումարից 6000 ԱՄՆ դոլարը։
Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքի մասին տեղեկացրել է նշված ընկերության տնօրենին և առկա խախտումները չարձանագրելու, ստուգումը հօգուտ ընկերության ավարտելու համար ՍՊԸ տնօրենից պահանջել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գլխավոր հարկային տեսուչը նույն ընկերության տնօրենի օգտին մեկ այլ դեպքում ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ առկա խախտումները չարձանագրելու, ավելի մանրակրկիտ ստուգում չիրականացնելու և կազմված նյութերի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը կանխելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:
ՊԵԿ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձին կաշառք տված ընկերությունների տնօրեններին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: