A
A
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի․ «Կյանքի խոսքի» և Արթուր Սիմոնյանի իրավունքները խախտվել են
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է « Կյանքի խոսք ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցին և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Եվրոպական դատարանը ճանաչել է Դիմումատուների արդար դատաքննության իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել վճարել փոխհատուցում։
Գործի հիմքում «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթում 2011 թ հոկտեմբերին հրապարակված հոդվածներ են։ Դրանցում թիրախավորվել էր «Կյանքի խոսք» եկեղեցին և դրա ղեկավար Արթուր Սիմոնյանը։ Հոդվածների առանցքում հայտնի դերասանուհու շուրջ ծագած սկանդալն էր, որի համատեքստում կազմակերպությունը որակվել էր որպես «աղանդ», իսկ դրա հետևորդները՝ «աղանդավորներ»։
Եկեղեցին և Արթուր Սիմոնյանը դիմել էին ներպետական դատարաններ՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, սակայն հայցերը մերժվել էին։
Դիմումատուները ՄԻԵԴ-ում բարձրացրել էին երկու հիմնական հարց `
Դատարանի մատչելիության իրավունք (Կոնվենցիայի 6-րդ հոդված). ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել նրանց բողոքը զուտ տեխնիկական սխալի պատճառով, ինչը դիտարկվել էր որպես անհամաչափ սահմանափակում։
Կրոնի ազատություն (Կոնվենցիայի 9-րդ հոդված). Դիմումատուները պնդում էին, որ հայաստանյան դատարանները խախտել են պետության չեզոքության սկզբունքը։ Մասնավորապես, դատարաններն արդարացրել էին «աղանդ» և «աղանդավոր» բառերի օգտագործումը՝ պատճառաբանելով, թե այդ կազմակերպության համոզմունքները շեղվում են գերիշխող Հայ Առաքելական եկեղեցու դավանանքից։
ՄԻԵԴ-ի որոշումը
Եվրոպական դատարանը արձանագրել է 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունք)։
Դատարանը գտել է, որ զուտ տեխնիկական հիմքով բողոքը չքննելը զրկել է դիմումատուներին իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից։
Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուներին վճարել
3,600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
1,000 եվրո՝ դատական ծախսերի համար։