Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ ՀՀ նախագահի ուղերձը
Աջակցիր «Ա1+»-ինՍիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։
Զատիկը միավորում է մեզ ընտանիքների շուրջ՝ ամրացնելով մարդկային կապերը, փոխադարձ հոգատարությունն ու ներքին համերաշխությունը։ Տոնի խորհուրդը հիշեցնում է, որ հասարակության ամրությունը սկսվում է յուրաքանչյուր ընտանիքից, յուրաքանչյուր անհատի արժեհամակարգից և համատեղ ապրելու մշակույթից։
Այս օրերին առավել խորությամբ ենք գիտակցում նաև ազգային միասնության և համախմբման կարևորությունը։ Համերաշխությունն ու փոխվստահությունը մեր պետականության ամրության հիմնասյուներից են, և միայն միասնական ջանքերով կարող ենք դիմակայել մարտահրավերներին ու ձևավորել կայուն ու անվտանգ ապագա։
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում։
Թող Սուրբ Զատիկը յուրաքանչյուրի տուն բերի հանգստություն, ջերմություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- նշվում է ուղերձում։