Բացել լրահոսը Փակել լրահոսը
Nikol-putin
A A
Քաղաքականություն

Լավրովն ու Պեսկովն անդրադարձել են Պուտին-Փաշինյան հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները եղել են անկեղծ և անհրաժեշտ։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահն ու վարչապետը շփվել են մի քանի ժամ։ Շփումը եղել է անկեղծ, օգտակար, անհրաժեշտ»,- ասել է Պեսկովը։ Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Պուտինն ու Փաշինյանը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ կապված Հայաստանում սպասվող ընտրությունների և առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի հետ։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների հանդեպ պայմանավորված է երկու երկրների պատմականորեն սերտ կապերով, ինչպես նաև երկու կողմերի հարաբերությունների շրջանակում Երևանի ընտրած քաղաքական կուրսի կարևորությամբ։

Նա անդրադարձել է նաև արցախյան հարցին՝ նշելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի ներգրավվածության։

Կտեսնենք․ Լավրով

Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի նախագահի՝ կողմից հնչեցրած մտահոգություններին,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կտեսնենք, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում», - ասել է Լավրովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին  ապրիլի 1-ին Մոսկվայում։