Չես վախեցնի, Փաշինյան․ մենք բոլորս կզոհաբերենք ամեն ինչ հանուն Հայաստանի. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 11-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայացավ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի միասնության հանրահավաքը։
Մինչև հանրահավաքի մեկնարկը մասնակիցներին իր օրհնությունը բերեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աբեղա Հայր Հովհաննես Թորգոմյանը։
Հանրահավաքին ելույթ ունեցան «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը, կուսակցության անդամներ Ալեքսան Ալեքսանյանը, Արթուր Միքայելյանն ու Կարինե Սմբատյանը, «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին միացած «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը։
Հանրահավաքի վերջում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես եկավ տեսաուղերձով։
«Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ՝ եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի վախի ներքո և պառակտված վիճակում։
Թեև անձամբ ձեր կողքին չեմ, բայց ես միանում եմ ձեր բոլորի ձայներին։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։
Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։
Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել՝ հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է՝ հանուն իր աթոռի։ Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք՝ փոփոխությունը գալիս է։
Հարգելի՛ հայրենակիցներ, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն՝ նոր գործարաններով, 300 000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։
Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ, վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը՝ ոչ թե բառերով, այլ գործով։
Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը՝ դատարկում են սեփական գրպանները՝ հանուն մեր Հայրենիքի բարեկեցության։
Արդարությունն ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, և «աղքատություն» բառը թողնելու ենք անցյալում։ Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ։
Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև հենց այդ ամսից սկսվեց 44-օրյա ծանր պատերազմը, սեպտեմբերին սկսվեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը, սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը և էթնիկ զտումը՝ պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց։
Մի՞թե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մեկ պատերազմ պարտվի։ Ես համոզված եմ, որ թույլ չենք տալու։ Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ են լինելու։
Սիրելի՛ հայրենակիցներ, մի՛ հուսահատվեք։ Հայաստանը կարող է և պետք է լինի ուժեղ, և մենք հասնելու ենք մնայուն ու իրական խաղաղության։ Մենք թույլ խաղաղությունը փոխարինելու ենք ուժեղ խաղաղությամբ՝ ուժեղ դիվանագիտության շնորհիվ։ Մենք այլևս թույլ չենք լինելու։
Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում։
Վարչակարգը քայքայել է Սփյուռքի հետ հարաբերությունները։ Միայն մեր ուժը կարող է վերականգնել թե՛ հարաբերությունները, թե՛ Սփյուռքի հետ վստահությունը մեր Հայրենիքի հանդեպ։
Մեր բոլոր նվիրյալ և հերոս զինվորականների հետ միասին ամրապնդելու ենք մեր պաշտպանությունը և պաշտպանելու ենք մեր սահմանները։ Մենք պաշտպանելու ենք իրական խաղաղությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ռեպրեսիաներից ու հետապնդումներից ոչ մի պահ չհուսահատվե՛ք։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։
Սրանց կեղծ ու անհասկանալի «սրտիկները» մենք փոխարինելու ենք մեր իրական՝ հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։
Հարգելի՛ հայրենակիցներ, մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։
Ուժը ձեր ձեռքերում է։ Դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Միասին մենք՝ ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով, կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն և բարեկեցիկ կյանք։
Ես իմ կառուցած՝ ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։
Փոփոխությունների ժամանակը եկել է։ Շուտով ես ձեզ հետ կլինեմ։ Մեկ վայրկյան չկասկածե՛ք՝ արդարությունը հաղթելու է։ Ուժեղ Հայաստանը հաղթելու է»։
Մանրամասները՝ տեսանյութում։