Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի պաշտպանները ճեպազրույց են տալիս․ վաղը դատական նիստ է սպասվում (տեսանյութ)

Ապրիլի 15-ին, ժամը 10:30-ին, նշանակված է դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում։

Նրա փաստաբան Արամ Վարդևանյանի փոխանցմամբ՝ նիստը վերաբերում է գործի նախնական դատալսումներին, որոնց ընթացքում քննարկվելու են մի շարք ընթացակարգային հարցեր, այդ թվում՝ խափանման միջոցի հարցը։

Պաշտպանական կողմը շեշտում է, որ գործի քննությունը տեղի է ունենում ակտիվ քաղաքական փուլում՝ այն գնահատելով նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում կարևոր։

Փաստաբանը նշում է, որ կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի մասնակցությունը քաղաքական գործընթացներին դիտարկվում է որպես էական գործոն՝ մրցակցային հավասարության ապահովման տեսանկյունից։

«Յուրաքանչյուր ժամ այլևս էական է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։  Սամվել Կարապետյանի ամբողջությամբ մասնակցությունը քաղաքական գործընթացին պարտադիր է»,- ասաց նա։

Պաշտպանական թիմի գնահատմամբ՝ շուրջ 10 ամիս տևած քննության ընթացքում ուսումնասիրվել են Կարապետյանին առնչվող և չառնչվող բազմաթիվ հանգամանքներ, սակայն առաջադրված մեղադրանքները, ըստ նրանց, չեն վերաբերում նրան։

Վաղը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները նախատեսում են հավաքվել Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեի հարակից տարածքում՝ իրենց աջակցությունը հայտնելու Կարապետյանին։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 290-րդ (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296-րդ (փողերի լվացումը) և 422-րդ (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։