Հողի հարկի եւ աղբահանության համար հաշվարկված տույժերը կզրոյացվեն, եթե․․․
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանցիները հնարավորություն կստանան ազատվել տարիներով կուտակված տույժերից։ Ավագանու վաղվա նիստում կքննարկվի նախագիծ, որը նախատեսում է զրոյացնել հողի հարկի և աղբահանության վճարների գծով հաշվարկված տույժերը՝ որոշակի պայմանների դեպքում։
Տույժերից ազատվելու համար քաղաքացիները մինչև 2018թ. ներառյալ կուտակված աղբահանության վճարի կամ հողի հարկի գծով չպետք է ունենան մայր գումարի (ապառքի) պարտավորություն։ Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է դիմում ներկայացնեն Երևանի քաղաքապետին՝ տույժերից ազատվելու վերաբերյալ։ Դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ տվյալ վճարի գծով որևէ այլ ընթացիկ պարտք չպետք է լինի։
Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի ավագանու «Աղբահանության վճարի նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին» որոշման նախագծի ընդունումը կնպաստի դիմում ներկայացրած և աղբահանության հաշվարկված վճարի (ապառքի) մասով վճարումներ կատարած ֆիզիկական անձանց ֆինանսական ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ սա թույլ կտա թեթևացնել ֆիզիկական անձանց ֆինանսական բեռը և «մաքրել» հին պարտքերի պատմությունը։
Քաղաքապետարանում հաշվի են առել, որ մինչև 2018 թվականը հաշվարկված պարտավորությունների գանձման ցուցանիշը ցածր է, իսկ 2025 թվականից անցում է կատարվում աղբահանության վճարի հաշվարկման նոր համակարգին։
Նույն տրամաբանությունը կգործի նաեւ սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, հողի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող հողերի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով սահմանել արտոնություն՝ հարկ վճարողին ազատելով սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից, եթե առկա չեն հողի հարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ: