Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի ուղերձն Ապրիլի 24-ի առիթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն Ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով.

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին:

Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:

Մարդկության պատմության` այս սթափեցնող գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն:

Մենք մեծարում ենք հայերի դրսևորած խորը ուժն ու վճռականությունը՝ հաղթահարելու անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելու ավելի մեծ ապագա, որը բնորոշվում է տևական բարօրությամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք հանձնառու ենք լինել նրանց կողքին:

Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կշարունակեն մեր աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը:

Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ ստեղծելով զգալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և խթանելով կայուն կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Եվ այժմ, ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են պատմական «Խաղաղության խորհրդում» (Board of Peace)՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ազդարարելու խաղաղության նոր դարաշրջան՝ ուժի միջոցով:

Հայոց հիշատակի այս օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք վերահաստատում ենք մեր սուրբ կոչը՝ պաշտպանելու անմեղներին, առաջ մղելու բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը և մշակելու խորը երկյուղածություն Ամենակարող Աստծո հանդեպ, ով զորավիգ է լինում մեզ յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ժամանակ:

 Հիշեցնենք` արդեն երկրորդ տարին է իր ուղերձում Դոնալդ Թրամփը, և տարբերություն նախկին նախագահ Ջո Բայդոնի, չի օգտագործում Ցեղասպանություն եզրույթը` 1915թ տեղի ունեցածը գնահատելով Մեծ Եղեռն արտահայտությամբ։