Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չարենցավանում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ։ Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը։

Ապրիլի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով գտնվում էին Կոտայքի մարզում։

Առաջին կանգառը Չարենցավան քաղաքում էր, որտեղ 6-րդ թաղամաս, 6-23 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։ Դիմելով գրասենյակի բացմանը եկած չարենցավանցիներին՝ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշեց, որ Չարենցավան քաղաքը Հայաստանում աշխատանքի խորհրդանիշն է՝ վերհիշելով քաղաքի երբեմնի արդյունաբերական լուրջ պոտենցիալը։ Նարեկ Կարապետյանը ափսոսանք հայտնեց առ այն, որ քաղաքի երբեմնի արդյունաբերական փառքից մնացել են միայն մի քանի հիմնարկներ և շնորհակալություն հայտնեց այդ հիմնարկների կազմակերպիչներին։

Նարեկ Կարապետյանը հավելեց, որ քաղաքում գործարանների մեծ մասը փակվել են, իսկ սարքավորումների ու հոսքագծերի մեծ մասը՝ օտարվել:

«Ձեզ մեկ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է լինելու 42 օր հետո՝ երկրում փոփոխություններ բերելուց հետո, Սամվել Կարապետյանի՝ առաջնորդությունը ստանձնելուց հետո: Մեկ օրինակ ընդամենը. մեր երկիրը տարին ներմուծում է՝ oտար երկրներին գումար է ուղարկում, տարեկան 60 միլիոն դոլարի ցինկապատ ապրանք՝ մետաղ: Իսկ գիտե՞ք՝ ինչ է արտահանում մեր երկիրը: Տարեկան 20 միլիոնի հում ցինկ: Ցինկը արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում: Ի՞նչն է խնդիրը, որ դա մեր երկրում չենք անում: Ի՞նչն է խնդիրը, որ այստեղ չենք անում՝ այս քաղաքում: Մի բանը՝ առաջնորդը: Առաջնորդ, որը կկազմակերպի դա՝ հարյուրավոր, հազարավոր աշխատատեղերով: Երբ ասում են՝ ո՞նց եք ստեղծելու այդ աշխատատեղերը, հենց այսպես ենք ստեղծելու: Երկիրը չի ներմուծելու, երկիրը ինքն է արտադրելու, որովհետև ով, եթե ոչ դուք, գիտեք՝ ինչ է արտադրությունը: Խոսելով աշխարհաքաղաքական գործընթացների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանում բոլորը խաղաղություն են ուզում։

Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկաներին ընթերցել է իշխանությունների կողմից խաղաղության երաշխավոր կարգված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի հայտարարությունը, ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին՝ նշելով, որ Ղարաբաղում հիմա խաղաղություն է, սակայն հայ չկա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի կողմից հնչող բոլոր պահանջները անվերապահորեն կատարվում են Հայաստանի ներկայիս վարչապետի կողմից։

«Ինչու՞ միանգամից մեր երկրի ղեկավարությունը վերջնականապես այս հարցը չի լուծում: Որովհետև գիտի, որ ինչպես տվել է ամեն ինչ, ինչպես տվել է Սյունիքում ճանապարհ, ինչպես տվել է մեր հայրենիքի 30 տոկոսը, վաղ թե ուշ սա էլ է տալու»: «Վաղ թե ուշ ունենալու ենք այդ ուժեղ երկիրը: Ու ուժեղ երկիրը կկառուցի այն մարդը, ով ամենամեծ փորձն ունի», - ընդգծել է Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանի խոսքից հետո տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված աշխատանքային պայմաններին և շփվեցին գրասենյակի բացմանը եկած չարենցավանցիների հետ։

Բացման արարողությունից հետո Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած չարենցավանցիների հետ քայլերթ կատարեցին Չարենցավան քաղաքի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։ Չարենցավանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ուղևորվեցին Հրազդան։ Կուսակցության անդամների այցելությունը Կոտայքի մարզում շարունակվում է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում։

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելեցին մարզկենտրոն Հրազդան, որտեղ Օգոստոսի 23 փողոց 62 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մի մարզային գրասենյակ։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիներին՝ նշել է, որ լավ ծանոթ է քաղաքի առօրյային, քանզի վերջին երեք տարիների ընթացքում շաբաթական մեկ օր անցկացրել է Հրազդան քաղաքում՝ ընդգծելով, որ հենց Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում։ «Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք վերջին տարիների անգործության պատճառով:

Շատերդ գիտեք՝ վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենաորակյալ ցեմենտի գործարանով: Ցեմենտը աշխատո՞ւմ է: Իսկ պետությունը ինչ-որ բան արե՞լ է, որ աշխատի: Կարող է ճիշտ կլիներ երկու հատ «ռիլ» քիչ նկարեին, երկու հատ «կուկուրուզ» քիչ ուտեին, մի օր հատկացնեին հրազդանցիներին` վերջիններիս աշխատանքով ապահովելով: Հեշտ է՝ բյուջե հարկեր են տալիս բիզնեսմենները, բերում ես մի երկու հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք` էս ռեմոնտն արեցի պետական պարտքով, բյուջեի փողով: Ե՞րբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով: Ե՞րբ, որ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկը ուղղակի անկազմակերպության պատճառով կանգնեց: Այսքան տարի հետո, Հայաստանի ամենաբարդ շրջանը անցնելուց հետո մենք Պարսկաստանից ենք ցեմենտ բերում», - նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով երկրում աղքատության մակարդակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում աղքատության մակարդակը չի նվազել, այլ նույնիսկ բարձրացել է։ «Պետության ղեկավարը պետք է գործով զբաղվի, արդյունաբերությամբ զբաղվի: Հրազդանում, երբ որ նայեք Հրազդանի ՋԷԿ-ի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս, հինգ տարի հետո, Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, հինգ տարի հետո այնտեղ մենակ շինարարություններ եք տեսնելու։ Ցուրտ է այստեղ․․․ ձմեռները ահավոր ցուրտ է: Որ ձմեռները գալիս էինք աշխատանքի, ասում էի՝ ինչ ցուրտ տեղ է, բայց տեսնում էի, որ ժողովուրդը գիշեր-ցերեկ աշխատում էր, երկու հերթափոխով միայն աշխատում էր: Եվ մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջին տարիների ամենամեծ ներդրումը՝ Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու ենք «Հրազդանի մետալուրգիական գործարան», որտեղ, չնայած կառավարության ամեն օր մեր դեմ սարքած բոլոր խնդիրներին, մենք մինչև վերջ մարդկանց նշանակալի մասի աշխատավարձը պահպանեցինք: Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում: ՀԷԿ-ը ուզում են փակեն, մենք կողքը նոր ՀԷԿ ենք կառուցում: Բայց այն, ինչ հիմա ենք անում՝ փոքր բան է, համեմատած այն բանի՝ ինչ կարող է անել ամբողջ պետությունը: Պետական ամբողջ ռեսուրսներով մենք կարող ենք անել: Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը՝ Հայաստանի ապագան են: Հրազդանը Հայաստանի կենտրոնն է՝ էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով․ ձև չունի Հրազդանը չզարգանա: Աշխատող ժողովու՛րդ եք, գիշեր-ցերեկ կառուցելու ենք», - նշել է Նարեկ Կարապետյանը Խոսելով Հայաստանի պետական կառավարման ապագա համակարգի մասին՝ Նարեկ Կարապետյանը բացառել է հովանավորչությունը.

«Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, եթե մարդը Հրազդանում ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց տեսնում ենք փողոցները լավ են, լավ է իր գործը անում՝ այդ մարդու հետ մենք պետք է ճանապարհ գնանք: Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիների ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված աշխատանքային պայմաններին և զրուցեցին քաղաքի բնակիչների հետ։ Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիների հետ քայլերթ կատարեցին Հրազդանի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։