Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մոտ 500 լրագրող ու օպերատոր` մի տեղում. Ինչպես էին լրագրողները աշխատում ԵՔՀ գագաթնաժողովում (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել  Մակրոնը ավտոմեքենայից դուրս է  գալիս՝  հագնվելով։ Մինչ  կհասներ ԵՔՀ  8–րդ   գագաթնաժողովի  հյուրերին  դիմավորող՝  ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար  Արայիկ Հարությունյանին՝  պիջակն արդեն հագել էր։  

Մինչ Արայիկ Հարությունյանին  մոտենալը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հասցնում է կոճկել  պիջակի  կոճակը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեւ վերնաշապիկով  է՝  ի տարբերություն մնացած հյուրերի։  Բոլոր հյուրերը միայնակ են անցնում կարմիր գորգի վրայով։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես հյուրընկալ,  բոլորից շուտ էր եկել։ Ի տարբերություն մյուսների` նա մենակ չէ գորգի վրա։ Փաշինյանը  ժպտում է տեսախցիկներին՝  առանց կանգ առնելու։

 Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր  ԶԼՄ մոտ 500 ներկայացուցիչ է եկել։ 

ԵՔՀ  8 –րդ  գագաթնաժողովը լուսաբանելու համար  հավատարմագրվել են հայկակական ԶԼՄ-ների 100 ու միջազգային  լրատվամիջոցների 400  ներկայացուցիչ՝   լրագրող, օպերատոր ու լուսանկարիչ։

Հյուրերի դիմավորման ժամանակ այդ 500 - ի կեսը  շարվել էր մի քանի շարքով՝  փորձելով  գոռալով հնչեցնել հարցերը։  Մի քանիսի բախտը բերում է, երբ բարձրաստիճան հյուրերը հենց նրանց դիմացն են կանգնում հարցերին պատասխանելու համար։  Ֆրանսիացի լրագրողներին հաջողվում ֆրանսերեն հարցազրույց ստանալ Ֆրանսիայի նախագահից ու  Կանադայի վարչապետից։

Հայ լրագրողներն այսօր այնքան էլ հաջողակ չեն՝ հարցի պատասխան ստանալու  առումով։

Ժամանակ առ ժամանակ, երբ հարաբերական լռություն է,  լսվում են  ամոթ-ամոթ բացականչություններ՝   ոչ շատ հեռու՝ Մարզահամերգային համալիրի աստիճանների մոտից: 

Ակցիան Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով է, նրանք նաեւ գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունն են հրավիրում արցախցիների իրավունքների վրա: Բայց ոչ բոլոր լրագրողներն են գնում այդ կողմ՝ թեկուզ հեռվից դիտելու։

 Հավատարմագրված լինել դեռեւս չի նշանակում ներկա լինել բուն միջոցառմանը։  Լրագրողները հետեւում են գագաթնաժողովին՝ Մարզահամերգային համալիրում  իրենց համար կահավորված  հատվածում։ 

Իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների օրը սկսվել է շատ վաղ․ առավոտյան ժամը 6-7-ը հատվածում  ավտոբուսն արդեն նրանց բերել է այստեղ։