Տիկին դատախազ, ոչինչ չեք արել փետրվարից ուժայիններին հայտնի դարձած՝ անչափահասների բռնության դեպքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ Վեդիում անչափահասների նկատմամբ բռնության աղմկահարույց դեպքին՝ քննադատելով իրավապահ համակարգի անգործությունը։
Նրա խոսքով՝ դեպքի վերաբերյալ տեղեկությունները իրավապահ մարմիններին հայտնի են եղել դեռևս փետրվարից, սակայն մինչ հանրային աղմուկը որևէ գործուն քայլ չի իրականացվել։ «Վեդիի մանկապղծության դեպքի առթիվ փետրվարից իմացել եք, բայց ոչինչ չեք արել։ Բայց եթե ընդդիմադիրներից մեկը քրեական օրենսգրքից որևէ բան աներ, հիմա մի քանի վայրկյանում անձեռնմխելիությունից կզրկեիք»,- հայտարարեց պատգամավորը։
Վարդանյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ասելով. «Հարցը քաղաքացիներին է վերաբերում, դրա համար չե՞ք արձագանքում, կարո՞ղ է դուք ՀՀ գլխավոր դատախազը չեք»։
Հիշեցնենք՝ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված տեղեկատվությունը վերջին օրերին լայն արձագանք է ստացել մամուլում և սոցիալական ցանցերում։ Ըստ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հրապարակած տվյալների՝ դեռ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ երեխաների նկատմամբ մանկապիղծ գործողությունների վերաբերյալ։ Ավելի ուշ՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը տեղեկացրեց, որ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։