«Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիներին ստիպում են թանկ տոկոսով վարկեր վերցնել, մինչդեռ առևտրային բանկերն էժան փողերով գերշահույթներ են ստանում»․ այս հայտարարությամբ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ այսօր քարոզարշավ մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ բանկերը քաղաքացիներին տարիներ շարունակ «խաբել են» բարձր տոկոսադրույքների քաղաքականությամբ, մինչդեռ Կենտրոնական բանկից գումարներ են ստացել զգալիորեն ավելի ցածր տոկոսներով՝ միջինը 6,7%։
Մարուքյանի խոսքով՝ վերջին հինգ տարիներին որևէ քայլ չի արվել բարձր տոկոսադրույքների կարգավորման ուղղությամբ, մինչդեռ բանկային համակարգը Հայաստանում «գերշահույթ» է ապահովել։
Նա անդրադարձավ հրապարակված տվյալներին, ըստ որոնց՝ Հայաստանի առևտրային բանկերն այս տարվա հունվարի 29-ին ՀՀ Կենտրոնական բանկից շուրջ 760 միլիոն դոլար են վերցրել՝ միջինը 6.7 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ըստ տվյալների, նույն բանկերը քաղաքացիներին առաջարկել են վարկեր 16-23 տոկոսով։
Նա ընթերցեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանը, համաձայն որի՝ ցածր տոկոսադրույքներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել մարդկանց պարտքի ավելացման և վարկային պարտավորությունները չկատարելու բարձր մակարդակի, քանի որ հասարակությունը կարող է կարծել, թե ավելի շատ պարտք վերցնելու հնարավորություն ունի։
Արձագանքելով՝ Մարուքյանն ասաց.
«Այսինքն՝ եթե տոկոսներն իջնեն, դուք կարող է շատ պարտք վերցնեք, ու դրա համար ՀՀ-ում տոկոսները պետք է սարսափելի բարձր լինեն, առևտրային բանկերն էլ շատ փող աշխատեն»։
Նա հայտարարեց, որ հունիսի 7-ից հետո նոր խորհրդարանում «Լուսավոր Հայաստանը» Ազգային ժողովում կսահմանափակի բանկերի տոկոսադրույքների շեմը։
Մարուքյանի խոսքով՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ վերջին շրջանում շատ են դեպքերը, երբ քաղաքացիների անուններով առանց նրանց իմացության վարկեր են ձևակերպվում։ Նման դեպքերում հաճախ քրեական գործեր են հարուցվում, բայց քաղաքացիների խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված, գույքը բռնագանձվում է, իրենք էլ հայտնվում են «սև ցուցակներում»։
«Խարդախությամբ առանց մարդկանց իմացության վարկ է ձևակերպվում, և մարդիկ ստիպված տառապում են այդ գումարները վճարելու համար»։
Մարուքյանը պնդեց, որ ո’չ կառավարությունը, ո’չ Կենտրոնական բանկը չեն մտածում քաղաքացու մասին։
«Մենք ժողովրդի ձայնն ենք լինելու, իրենց ձեռքի մուրճն ենք լինելու ԱԺ-ում այս օրենքները ներկայացնելու համար, որպեսզի քաղաքացու շահերը պաշտպանվեն»,- հայտարարեց Մարուքյանը։