Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար․ Մարկո Ռուբիոն՝ Միրզոյանին (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը: Ստորագրվել են նաև.

ԱՄՆ-ՀՀ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

«ԱՄՆ-ՀՀ կարևորագույն օգտակար հանածոների և հազվագյուտ երկրային տարրերի արդյունահանման և վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման մասին» շրջանակային հուշագիրը։

 

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ հայտարարության ժամանակ անդրադարձել է ստորագրված փաստաթղթերին։ Նախարարն ընդգծել է. «Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»։

ԱԳ նախարարը նաև հավելել է. «Մենք արդեն ունենք ստորագրած և ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության, կիսահաղորդիչների և միջուկային էներգետիկայի վերաբերյալ։ Քիչ առաջ ականատես եղաք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթը կրիտիկական հանքանյութերի և, իհարկե, ամենակարևորը՝ հովանոցային պայմանավորվածության վերաբերյալ։ Խնդրում եմ մի փոքր ուսումնասիրել և համեմատել երկու փաստաթղթերը։ Հուսամ՝ կտեսնենք, թե ինչպիսի նոր հնարավորություններով է հարստացված փաստաթուղթը»։

Միրզոյանը նշել է. «Այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ, և որոնք այնուհետև գործնականում կտեսնենք որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու երկրի համար»։

Մարկո Ռուբիոն էլ իր հերթին ասել է, որ կողմերը շարունակում են զարգացնել երկկողմ հարաբերությունները։

«Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում և նոր ուղի նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով. «Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին»։