Քոչարյանը չգիտի՞, որ ժողովրդավարական երկրներում հեղափոխություն չի լինում․ Ա․Դավոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես վստահ եմ, որ մենք մեր սխալները կուղղենք։ Ես համաձայն եմ, որ խնդիր կա, թե դեռ լուրջ արդյունքներ չկան։ Թեև ապօրինի գույքի բռնագանձման գործով բավականին գումար է վերադարձվել ՀՀ-ին, սակայն կան մարդիկ, որոնք իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվել և ազատության մեջ լինել»,- «Ա1+-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և պատգամավորի թեկնածու Արփինե Դավոյանը՝ խոսելով իրենց ուղղված այն մեղադրանքների մասին, թե 8 տարվա ընթացքում չեն կարողացել թալանը վերադարձնելու և հանցագործներին պատժելու մասին խոստումները կատարել։
Պատգամավորն իրենց այդ խոստումը չկատարելու պատճառներից մեկը համարում է իրավապահ համակարգում եղած խնդիրները։ Եվ հույս է հայտնում, որ առաջիկա 5 տարիներին կլուծեն այդ խնդիրները, եթե նորից գան իշխանության։ Վստահեցնում է, որ կկատարեն նաև 2018թ․ տված բոլոր խոստումները։ «2021-2026թթ․ այնքան իրադարձությունների միջով անցանք։ Հիմա վերականգնման փուլում ենք, ՀՀ-ն փորձում էր ոտքի կանգնել, և վստահ եմ, հաջողելու ենք։ Այս անգամ պողպատե մանդատի տրամաբանությունը կաշխատի, և պիտի վախենան այն մարդիկ, որոնք խնդիրներ ունեն ՀՀ օրենսդրության հետ»,- հավելում է նա։
Արփինե Դավոյանը խոսեց նաև քաղաքականության մեջ կանանց դերի կամ ներկայացվածության մասին և ասաց, որ կոնկրետ իրենց կուսակցության մեջ, խմբակցությունում և առհասարակ իշխանության շրջանակում նրանք տղամարդ գործիչների հետ հավասար դերակատարում ունեն։ Այնուամենայնիվ հավելեց, որ քաղաքականությունը և պաշտոն զբաղեցնելը խանգարում են կնոջը կառուցելու անձնական կյանքը կամ թույլ չեն տալիս բավարար ուշադր հատկացնել ընտանիքին։
Պատգամավորը թեև կարծում է, որ մեր հասարակության մեջ էլ կին գործիչի նկատմամբ մեծ տարբերակում չկա, բայց հավելում է, որ երբեմն մամուլը և մրցակից ուժերի կին պատգամավորները թիրախավորում են իրեն։
Մանրամասները՝ տեսանյութում։