Ընտրակաշառք բաժանող մի ուժ կա, և դա Նիկոլ Փաշինյանի ուժն է․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ ընդդիմության ներկայությունը խորհրդարանում ոչ թե որևէ մեկից խլված հնարավորություն է, այլ քաղաքացիների քվեով ստացած մանդատների արդյունք։
Լրագրողի հարցին՝ ինչ իմաստ ունի մանդատները վերցնելն ու խորհրդարանում ընդդիմության աթոռները զբաղեցնելը, Վարդանյանը պատասխանում է, որ ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցրել։
«Ընդդիմությունը զբաղեցրել է այն տեղը, որն ընտրել են քաղաքացիները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հենց ընդդիմության շնորհիվ է հանրությունը տեղեկացել Հայաստանի օկուպացված տարածքների, ինչպես նաև Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունների մասին։
Միաժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխաններին ընդդիմության չմասնակցելուն, «Հայաստան» դաշինքի պատգամավորը պատասխանեց․ «Դա մարտավարություն է, և մենք ազատ ենք որդեգրել՝ ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, ուզում ենք Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում»։
Վարդանյանը նաև բացառեց իրենց՝ գործող իշխանությունների հետ որևէ համագործակցության հնարավորությունը։ «Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանն են։ Մենք այդ դևի հետ համագործակցություն չենք պատկերացնում, մենք պատկերացնում ենք պայքար դրա դեմ»,- հայտարարեց պատգամավորը։
Խոսելով ընտրական արդյունքների մասին՝ նա նշեց, որ ընդդիմությունը դեռ չի հասել իր նպատակին, սակայն շարունակելու է պայքարը։ «Մենք փորձելու ենք այնքան, մինչև ստացվի, մինչև հաջողենք»,- ասել է Վարդանյանը՝ պնդելով, որ իրենց չհաջողելու պատճառը ընտրական գործընթացների ընթացքում արձանագրված խախտումներն են, որոնք, իր խոսքով, աննախադեպ են Հայաստանի պատմության մեջ։
Ըստ Վարդանյանի՝ շուրջ 150 հազար քաղաքացի աջակցել է իրենց քաղաքական ուժին բացառապես գաղափարական շարժառիթներով ու առանց որևէ այլ մոտիվացիայի։ «Դա ոչ թե քիչ չէ, այլ հսկայական աջակցություն է, և մենք դողում ենք իրենց յուրաքանչյուր ձայնի համար»,- նշեց նա։
Ընդդիմադիր դաշտի ապագայի մասին խոսելիս Վարդանյանը շեշտեց, որ կարևոր է ոչ թե առանձին քաղաքական ուժերին, այլ ընդհանուր ընդդիմադիր դաշտին ուղղված աջակցությունը։
«Թող մեր ուժի քվեները պակաս լինեն, բայց ընդդիմադիր դաշտի ընդհանուր աջակցությունը շատ լինի, ուրախ կլինեմ դրա համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ուրախ է «Բարգավաճ Հայաստան» կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցություններին տրված յուրաքանչյուր քվեի համար։
Պատգամավորին վերջին պահին հարց տրվեց ընտրակաշառքների վերաբերյալ։
Չնայած՝ ժամանակը սպառվել էր, Վարդանյանը պատասխանեց հարցին՝ հայտարարելով, որ նման գործելակերպ կիրառող միակ ուժը Նիկոլ Փաշինյանի ուժն է։
«Ընտրակաշառք բաժանող մի ուժ կա, և դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Իրենց ամուսնալուծությունն էլ չգիտեմ ոնց բացատրեմ, այն դեպքում, երբ «Իմ քայլը» հիմնադրամը ամբողջ ընտրությունների ընթացքում իրականացրել է բարեգործական ակցիաներ, ու որպեսզի օրենքի տառի մասով խնդիր չլինի, Քարդաշյանների շոուն էին բեմադրել»,- եզրափակեց Քրիստինե Վարդանյանը։