Մի օր էս ամեն ինչը հեղեղելու է փողոցներն ու սրբի-տանի էս իշխանություններին. Սուքիասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Գագիկ Ծառուկյանի տան մոտ է և հետևում է տեղի ունեցող իրադարձություններին։
Նրա խոսքով՝ վաղուց արդեն հայտարարվել էր, որ ընդդիմության նկատմամբ ճնշումները սաստկանալու են։
«Իշխանություններին ուղղակի մոտիվացիա տվեցին ընդդիմադիրների ստացած հսկայածավալ ձայները, իսկ դրանից հետո արդեն հստակ քաղաքական պատվերով տեսանք նաև Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է Սուքիասյանը։
Նրա գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ցանկանում է փոխել Սահմանադրությունը՝ կատարելով Ադրբեջանի նախագահի պահանջները։
«Նրանք մինչև այսօր գաղտնի են պահում Սահմանադրության փոփոխության նախագիծը։ Ընտրություններից առաջ այն չհրապարակեցին, որպեսզի ստանան ժողովրդի ձայները։ Հիմա թող ասեն՝ ինչո՞ւ են այն թաքցրել ժողովրդից»,- նշել է նա։
Սուքիասյանի խոսքով՝ այս ամենը ուղղակի բեմադրություն է, իշխանությունները նման կեղծ տեսարաններով փորձում են շեղել հասարակության ուշադրությունը, իսկ այդ ընթացքում՝ «քայքայել ընդդիմության կենսունակ օջախները»։
«Բայց չկա իշխանություն, որը հավերժ է։ Այս բացասական էներգիան, որ ներարկվում է հասարակության մեջ, մի օր վերադառնալու է։ Այս ամեն ինչը մի օր հեղեղելու է փողոցները՝ իր հետ սրբել-տանելով իշխանությանը»,- ասել է նա։
Սուքիասյանը կրկին ընդգծել է, որ պետության դեմ գլխավոր դավադրությունը Սահմանադրության փոփոխությունն է։
Նրա խոսքով՝ եթե մինչ այդ փոփոխությունները ընդդիմությանը չհաջողվի խորհրդարանում և փողոցում ձևավորել անհրաժեշտ դիմադրություն, ապա մանդատները կդառնան անպիտան։
«Այդ ժամանակ խորհրդարանական մանդատներն այլևս արժեք չեն ունենա։ Պետք է հասարակությանը հստակ ազդանշան տրվի, որ այդ մանդատները հինգ տարվա համար չեն, ժողովրդի հետ պետք է լինել բաց ու անկեղծ»,- ասել է Սուքիասյանը։