Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է ռուսներին ցույց տալ, որ միակ մարդը ում հետ պիտի պայմանավորվեք ես եմ․ Սուրենյանց (տեսանյութ)

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի տան մոտ ընթացող խուզարկությունների առկթով հայտարարել է, որ տեղի ունեցող զարգացումները կանխատեսելի էին։

Նրա խոսքով՝ այս գործընթացներում իրավական բաղադրիչ չի տեսնում։

«Երկիրը գտնվում է տոտալ բռնապետության ռեժիմում, և այն ամենը, ինչ կատարվում է, մեկ անձի կամայական որոշումների արդյունք է։ Այստեղ իրավական հիմնավորում փնտրելն անիմաստ է»,- ասել է Սուրենյանցը։

Նա հիշեցրել է, որ դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ էր անում ընդդիմախոսներին «պատժելու», «նստեցնելու» և այլ կոշտ ձևակերպումների մասին, ինչի հետևանքով, ըստ նրա, այս զարգացումները կանխատեսելի էին։

Քաղաքագետի խոսքով՝ այս իշխանությունը չի կարողանում գոյատևել առանց «թշնամու կերպարներ» ստեղծելու։

«Այսօր թիրախում Գագիկ Ծառուկյանն է, վաղը կարող է լինել Սամվել Կարապետյանը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը»,- նշել է նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի ընտրությունները չչեղարկելու որոշումներին՝ Սուրենյանցը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ ընդդիմության ներկայացրած բողոքները բովանդակային քննության ենթարկվեն Սահմանադրական դատարանում, և դրանց վերաբերյալ կայացվի արդար որոշում։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական ինստիտուտները վերածել է քաղաքական գործիքների։

Սուրենյանցը նաև խորհրդանշական է համարել այն, որ այս խուզարկությունները տեղի են ունենում վարչապետի՝ Ռուսաստան կատարած այցի օրը։

«Նա փորձում է ռուսական կողմին ցույց տալ, որ Հայաստանում միակ մարդը, որի հետ պետք է պայմանավորվեն, ինքն է»,- ասել է նա։

Քաղաքագետը տեղի ունեցողը բնութագրել է որպես բռնապետության դրսևորում և կարծիք հայտնել, որ շուտով լրատվամիջոցները ևս կբախվեն սահմանափակումների, իսկ լրագրողները չեն կարողանա նույնիսկ ազատ հարցազրույցներ իրականացնել։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում բավարար ռեսուրսներ չունի ավտորիտար ռեժիմի պայմաններում գոյատևելու համար։

Խոսելով հնարավոր իշխանափոխության մասին՝ Սուրենյանցը ևս ասել է, որ այն, իր համոզմամբ, տեղի է ունենալու փողոցային ճնշման և հեղափոխական հանգուցալուծման միջոցով։

Նա նշել է, որ հասարակական տրամադրությունները արդեն նպաստում են արմատական ընդդիմադիր հարթակի ձևավորմանը։

«Չպետք է հուսալ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակի ընթացքում ավելի մեղմ կամ հումանիստական է դառնալու։ Իմ կարծիքով՝ պետք է սպասել ամենավատ սցենարին. սկսվելու են տոտալ ձերբակալություններ»,- եզրափակել է Սուրենյանցը։