Ու՞մ հետ է եղել տանը Ծառուկյանը, երբ սկսվել է խուզարկությունը․ Տոնոյանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ հայտնի չէ, թե որ գործերի շրջանակում են իրականացվում խուզարկությունները. Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ այս պահին դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որ գործերի շրջանակում են իրականացվում խուզարկությունները։
Նրա խոսքով՝ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող մի շարք ընկերություններում՝ «Արարատ Ցեմենտ» գործարանում, «Մուլտի Վելնես» համալիրում, Երևանի Արարատի կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի Սթոուն» ընկերությունում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում։
Տոնոյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում խուզարկություններն արդեն ավարտվել են, սակայն կառույցը մասնավորապես կապարակնքվել է, և գործունեությունը դադարեցված է։
«Սրանով շատ մեծ վնաս է հասցվում երկրի միջազգային հեղինակությանը։ Նման նախադեպ երբևէ չի եղել, և վստահ եմ, որ այս գործողությունների աղետաբեր հետևանքները Հայաստանի իշխանությունները շատ կարճ ժամանակահատվածում կզգան»,- նշել է նա։
Տոնոյանի խոսքով՝ կապարակնքվել են նաև «Արարատ Ցեմենտ» գործարանը, Երևանի Արարատի կոնյակի, գինու, օղու կոմբինատը, ինչպես նաև կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը։ Նրա խոսքով՝ առայժմ որևէ հստակ տեղեկություն չկա, թե ինչով են պայմանավորված այս որոշումները։
Նա հավելել է, որ «Մուլտի Սթոուն» ընկերությունը նույնպես դադարեցրել է աշխատանքը։ Իսկ Օլիմպավանում, մինչև գործողությունները դեռ շարունակվում էին, այդ ընթացքում այնտեղ մարզվում էր ԱՄՆ-ի ըմբշամարտի հավաքականը, ինչը, Տոնոյանի գնահատմամբ, լրացուցիչ խնդիրներ է ստեղծել։
Տոնոյանի խոսքով՝ այս պահին խուզարկությունները շարունակվում են նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցում և «Փարավոն» համալիրում։ Նշված բոլոր ընկերությունների աշխատակիցները դուրս են բերվել շենքերից։
Տոնոյանը հավելել է, որ վերոնշյալ ընկերությունների մի մասը արտադրական ձեռնարկություններ են, որտեղ առկա են պայթյունավտանգ նյութեր, ուստի նրանք արդեն իրավաբանների հետ զբաղվում են բողոքարկման հարցով՝ այդ հիմնարկների և հարակից շենքերի անվտանգությունն ապահովելու համար։
Խոսնակը նաև հայտնել է, որ միայն խուզարկությունների ավարտից հետո հնարավոր կլինի տեղեկություն ունենալ Գագիկ Ծառուկյանի կարգավիճակի վերաբերյալ։ Բայց կարևոր է համարել տեղեկացնել, որ ձերբակալվածներ չկան։
Ըստ նրա` խուզարկության պահին տանը Գագիկ Ծառուկյանը տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի և մոր՝ Ռոզա Ծառուկյանի հետ է եղել։