Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատող կողմի համար այս դատավարությունը տապալված է Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)

 Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․այն ներկայացնում ենք ամբողջությամբ

Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդատվության, բայց, ինչպես դատարանում ենք ասել, բոլորի համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Դատավարական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի և կհրապարակի այն, ինչը որ վճռված է։

Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին։ Ինչպես նշել եմ, բավականին արժանի ելույթներ էին։ Ինչպես առաջին ատյանի դատարանում, այս պարագայում էլ թե՛ դատախազության ներկայացուցիչները, թե՛ դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշներին, այդ թվում նաև ինձ չթողեցին ամբողջական ներկայացնել իմ խոսքը։ Բայց դա խնդիր չէ։ Մենք հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և շատ պարզ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է, այլ կերպ չի էլ կարող լինել։

Ամենամեծ գնահատականը հավանաբար այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, ով առաջին ատյանում զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց սերունդների առջև։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավորական կոլեգիային՝ զգաստացնող խոսք փոխանցեց, որ չպղծենք դատարանը, և ասաց, որ մեր հաղթանակներն այս դատավարությամբ պղծել ենք։ Այսինքն՝ մեր ընդհանուր պահվածքն արդեն մղում է նրանց, որպեսզի նրանք խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել։

Եվ ինչպես ես նշեցի իմ խոսքում վերջին ելույթի ժամանակ, առաջին ատյանի դատարանում, փաստորեն քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմը և դատավորական կոլեգիան, որոնք փաստորեն նույն թիմն են, չեն շահել դատը։ Շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ։

Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս այն փաստարկներին ու կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին՝ կեղծ տեղեկություններով, հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը կոխկրտող պահվածքով, կեղծված պատմությամբ։ Եվ հենց այդպիսի մի իրավիճակ է, որ պետք է ասել՝ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն՝ օրենքի ուժ չկա։ «Մենք ենք որոշողը»,- այս սկզբունքով են առաջնորդվում դատավորներն ու դատավորական կոլեգիան և անում են այն, ինչ ուզում են։

Բայց, ինչպես նշել ենք, սա մեր համար երկրորդական է։ Մենք ուղղակի ֆորմալ կողմն ենք ապահովում, որ հասնենք միջազգային դատարան։ Այնպես որ այս դատավարությունը կարող ենք համարել դատող կողմի համար տապալված դատավարություն։

Լրատվությունը, ինչպես միշտ, ներկայացվում է միակողմանի, մանիպուլացված և իրականությանը ոչ համապատասխան։ Ես մեկ-մեկ մտածում եմ՝ ո՞ւր են  Ազատություն լրատվամիջոցի, ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Մոտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն։ Չէ՞ որ նրանց համար Սպիտակ տան պատերը, Կրեմլի պատերը կամ եվրոպական որևէ երկրի, այդ թվում նաև Բրյուսելյան հանրահայտ պատերը դժվար չէ շոշափելը, բայց Բաքվի դատարանների դահլիճից ներս նրանց մենք այդպես էլ չտեսանք, որ աշխարհին ներկայացնեն՝ ում են դատում, ինչի համար և ինչպես։

Նաև մի փոքր նրբություն ներկայացնեմ։ Հուլիսի 17-ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որ մեղադրող կողմը՝ դատախազությունը, հաշվի առնելով ներկա ստեղծված իրավիճակը, հայցը հետ վերցնի, և քրեական գործը կարճվի, այս քրեական հետապնդում կոչվածը դադարեցվի։ Տեղի վրա մերժվել է։ Ես, բնականաբար, ներկայացրի, որ պետք է այդ երիտասարդ կազմը, որ ներկա է, խորհրդակցի իր վերադասի հետ, վերադասն էլ՝ իր վերադասի, սակայն տեղի վրա մերժվեց։

Ամսի 31-ին մեր վերջին նիստի ժամանակ ես վերջին խոսքում խոսքս ուղղեցի դատավորին և խնդրեցի՝ իմ միջնորդության բովանդակությամբ առաջարկ ներկայացնելով, պահն օգտագործելով, այդ իմ առաջարկի հնարավորությունն օգտագործելով, որպեսզի դատավորական կոլեգիան խորհրդակցի ում հետ որ անհրաժեշտ է, ովքեր որոշում են կայացնում, և հաշվի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը, որպես ապագային միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։ Ինչ կորոշեն՝ սա այլ հարց է, բայց համենայնդեպս այդպիսի մի առաջարկ ներկայացրել եմ։

Եվս մեկ անգամ պիտի ասեմ, որ մոտ երկու տարի շարունակվող այս երկու ատյանների դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը։

Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք։