Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ է Փաշինյանը ԵՄ-ից օգնություն խնդրում, ՌԴ-ի սանկցիաների դեմ պայքարելու համա՞ր․Գրիգորյան (տեսանյութ)

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանն իր ելույթը սկսեց օգոստոսի 7-ին տեղի ունեցած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դատական նիստին անդրադառնալով։

Նա նշեց, որ համաձայն է այն տեսակետի հետ, որ ցանկացած անձ՝ անկախ պաշտոնից, կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին, եթե հանցանք է իրականացրել։ Միաժամանակ, ըստ Գրիգորյանի, Վեհափառը, որն ունի եպիսկոպոս օծելու և կարգալույծ անելու իրավունք, չի կատարել ոչ մի հանցանք, և իր լիազորություններն իրականացնելու համար մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել հակասահմանադրական կերպով։

Խոսելով առաջիկայում հնարավոր հանրաքվեների մասին՝ Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը հայտնվել է, իր ձևակերպմամբ, «դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում»։

«Մի դեպքում՝ Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս կողմից՝ Ռուսաստանի նախագահի կողմից պարտադրվող ԵԱՏՄ-ի հանրաքվեն։ Սա իսկապես խայտառակություն է, որ մեր ապագայի մասին պետք է որոշում կայացնենք արտաքին պարտադրանքի ներքո»,- ասաց նա։

Գրիգորյանը նոր Սահմանադրության նախագիծը բնորոշեց որպես «Ալիևյան սահմանադրություն»՝ նշելով, որ դրա տեքստը մինչ օրս հրապարակված չէ։

Նրա խոսքով՝ որևէ Սահմանադրության նախագիծ չի կարող դրվել հանրաքվեի, քանի դեռ այն Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երկու երրորդի կողմից չի հաստատվել։ Հետևաբար, ըստ նրա, այս պահին նման քննարկում գոյություն ունենալ չի կարող։

Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի թեմային և Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ նիստում ունեցած ելույթին։

Նա նշեց, որ Փաշինյանի ելույթում հնչած մտքերը բավականին ռացիոնալ է համարում և չի կարող դրանց հետ չհամաձայնել։

Միաժամանակ Գրիգորյանը հարցեր բարձրացրեց, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենքի ընդունումը։

«Եթե դա առաջացնում է խնդիրներ և չի տալիս լուծումներ, ի՞նչ իմաստ ուներ այդ օրենքը քննարկել, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ԵՄ այլընտրանք գոյություն չունի»,- ասաց նա։

Նա հարցադրումներ արեց նաև Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում Բրյուսել և ասում՝ մեզ օգնեք, որ մենք պայքարենք Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմի դեմ»,- հարցրեց նա։

Նա անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչող տեսակետներին՝ հարցնելով, թե ինչու են Հ1-ի տաղավարներ հրավիրվում մարդիկ, որոնք, իր խոսքով, «առավոտից երեկո խոսում են Ռուսաստանի թշնամի լինելու մասին»։

Սրանք հարցեր են, որոնք, ըստ Գրիգորյանի, բաց ու անհասկանալի են մնում։

Անդրադառնալով Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ Աննա Գրիգորյանը նրան դիմեց հետևյալ կոչով․

«Կցանկանայի, որ Ձեր խոսքով ներկայացնեիք յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքացուն։ «Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով կողմ է Ձեր թեկնածությանը»։