Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սուրբ եկեղեցին կանոնական ծիրից դուրս է բերվել․ առաջիկայում այդ թեմայով զեկույց կունենաք․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը արձանագրում է՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին «Կտրիճ Ներսիսյանի ձեռամբ» դուրս է բերվել կանոնական ծիրից։

Լրագրողը վարչապետին հարցրեց կառավարության ծրագրում «հոգևոր անվտանգություն» ենթավերնագրի տակ ամրագրված դրույթի մասին, ըստ որի՝ պետք է բացառվեն Հայ Առաքելական եկեղեցին արտաքին հիբրիդային պատերազմի հենակետ դարձնելու փորձերը։

Լրագրողը խնդրեց հստակեցնել, թե արտաքին որ ուժն է փորձում եկեղեցին ներգրավել հիբրիդային պատերազմի մեջ։

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ուժ չնշեց։ Սակայն հայտարարեց, որ առաջիկայում այս թեմայով զեկույց կլինի։

«Առաջիկայում մենք կունենանք զեկույց, որտեղ այդ բոլոր հարցերը մանրամասն լուսաբանված կլինեն»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ զեկույցում անդրադարձ կլինի ոչ միայն լրագրողների բարձրացրած հարցերին, այլև այն հարցերի ամբողջ շրջանակին, որոնք քննարկվել են իշխանությունների, հանրության և տարբեր շրջանակների կողմից։

Փաշինյանը երբվանի՞ց է տեղյակ եղել, որ որոշ ձկնաբուծարաններ չեն համապատասխանում ստանդարտներին

Լրագրողը վարչապետին հարցրեց նաև ձկնաբուծարանների արտադրանքի մասին՝ հիշեցնելով, որ կառավարության նիստերից մեկում Փաշինյանն ասել էր, թե վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում։

Լրագրողը հարցրեց՝ եթե Ռուսաստանի կողմից հայկական ձկան արտահանման նկատմամբ սահմանափակում չլիներ, արդյոք վարչապետը բարձրաձայնելու էր այդ խնդրի մասին, ինչպես նաև՝ երբվանից է տեղյակ եղել, որ որոշ ձկնաբուծարաններ չեն համապատասխանում ստանդարտներին, և ինչ քայլեր են ձեռնարկվել։

Փաշինյանը պատասխանեց, որ սննդամթերքի անվտանգության և որակի հարցերը պետք է տարբերակել։

Նրա խոսքով՝ սննդամթերքը կարող է անվտանգության տեսանկյունից խնդիր չունենալ, բայց միաժամանակ կարող է խնդիր ունենալ որակի և համային հատկանիշների առումով։

Նա նշեց, որ նախկինում, այդ թվում՝ կաթնամթերքի և թթվասերի վերաբերյալ քննարկումների ժամանակ, նույնպես խոսքը ոչ թե մարդու առողջության համար վտանգավոր արտադրանքի, այլ դրա որակական և համային հատկանիշների մասին է եղել։

Փաշինյանի խոսքով՝ եթե սննդամթերքի հետ կապված արձանագրվում է մարդու առողջության համար վտանգավոր խնդիր, դրա վաճառքը կասեցվում է։

«Այն դեպքում, երբ որ ձեր ասած պրոբլեմը կա, միանշանակ է, որ պետք է կասեցվի դրա վաճառքը»,- ասաց նա՝ հավելելով, որ համապատասխան գործառույթ ունեն տեսչական և մյուս մարմինները։

ԱՄՆ-Իրան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը ստեղծված իրավիճակով «շատ անհանգստացած է»։

Նրա խոսքով՝ Հայաստանը այդ թեմայով սերտ աշխատում է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

«Մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի»,- ասաց վարչապետը։

Հայաստանի էներգետիկ ռազմավարության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն պետք է վերանայվի՝ հաշվի առնելով արհեստական բանականության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերի հետևանքով էլեկտրաէներգիայի պահանջարկի հնարավոր աճը։ 

Մոդուլային ատոմակայանի կառուցման վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ վերջնական որոշումը դեռ պետք է կայացվի։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում արդեն երկու արհեստական բանականության գործարան կա, իսկ, իր խոսքով, արհեստական բանականության ոլորտի նման ենթակառուցվածքները մեծ ծավալի էլեկտրաէներգիա են սպառում։ Կառավարությունն այժմ պետք է գնահատի նոր ձևավորվող պահանջարկը և դրա բավարարման հնարավորությունները։

Նա նշեց, որ պետք է էներգետիկ ռազմավարությունը, այդ թվում՝ ատոմակայանի կառուցման թեման, համադրել տեխնոլոգիական ոլորտում արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ։

«Որպեսզի ապագայում, մոտ ապագայում, այդպիսի խնդիր չլինի»,- ասաց վարչապետը։