TRIPP-ը կանցնի Նռնաձոր-Ագարակով․ ՌԴ-ին խնդրում ենք կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի 3-րդ երկրի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին՝ Փաշինյանը նշեց՝ այն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։
«Երկաթուղին Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Նախագծի իրագործումը նաև բացելու է երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ»,- ասաց նա։