«Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունը իրականություն է»․ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը՝ այն կապելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ։
Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններով Հայաստանի քաղաքացիները քվեարկել են ոչ միայն քաղաքական ուժի, այլև երկրի զարգացման նոր տեսլականի օգտին։
«Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է», - հայտարարեց նա։
Վարչապետը նշեց, որ այս մոտեցմամբ պետության առաջնային նպատակը պետք է լինի քաղաքացիների համար «երջանկության միջավայր» ստեղծելը, ինչպես նաև ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը։
Փաշինյանն անդրադարձավ նաև 2018 թվականի հեղափոխության օրակարգին՝ շեշտելով, որ այն, իր գնահատմամբ, դեռ ամբողջացված չէ։
«Արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության և օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը և ժողովրդին, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ և մասնակցային կառավարումը»․ Փաշինյանն այս ուղղություններն անվանեց հեղափոխության առանցքային օրակարգ։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին այս ուղղություններով Հայաստանում էական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն գործընթացը դանդաղել է նաև COVID-19 համավարակի, ճգնաժամերի և արտաքին ու ներքին ազդեցությունների պատճառով։
Միաժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է, և պետությանը վերադարձվել է շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ։
Նա նաև առանձնացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարի նախագծում, «Viva Armenia»-ում Հայաստանի Հանրապետության մասնաբաժին ունենալու փաստը։
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով ավելի քան կրկնապատկվել են», - ասաց Փաշինյանը՝ դա կապելով ինչպես տնտեսական աճի, այնպես էլ ստվերի կրճատման հետ։
Վարչապետի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների կառավարության ծրագիրը պետք է դառնա այն փուլը, որի ընթացքում 2018 թվականի հեղափոխության օրակարգը «պետք է հասնի իր լրումին»։
«Ինձ համար մեծ պատիվ է Ազգային ժողովին ներկայացնել կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը, որով թևակոխում ենք Չորրորդ Հանրապետություն», - եզրափակեց Փաշինյանը։