Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի` «Կտրիճ Ներսիսյան» ասելուց հետո «Ուժեղ Հայաստանը» հարվածում է սեղանին, ՔՊ-ն` ծափահարում (տեսանյութ)

«Չկա ավելի հեշտ բան, քան խաղաղությունը փլուզելը։ Մանավանդ հիմա խաղաղությունը փլուզելը առանձնահատուկ ջանքեր չի պահանջում»․ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց խաղաղության պահպանման, դրա համար անհրաժեշտ «դրամատիկ ջանքերի» և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը պահպանելու համար իշխանությունն ու հասարակությունը պետք է դուրս գան «կոմֆորտ զոնաներից» և ավելի զգույշ լինեն իրենց խոսքի ու գործողությունների հարցում։

«Խաղաղությունը փլուզելը հեշտ է, դժվար չի դա անելը բացարձակապես։ Իսկ ահա խաղաղությունը ամրապնդելը, խաղաղության մասին հոգ տանելը էական ջանքեր է պահանջում, նույնիսկ դրամատիկ ջանքեր»,- հայտարարեց վարչապետը։

Վարչապետը խաղաղության փլուզումից խոսելիս հնչեցրեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը՝  Կտրիճ Ներսիսյան  ասելով։  Նրա ելույթի այս հատվածում ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին՝ թույլ չտալով Փաշինյանին շարունակել։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց․

«Շնորհակալություն։ Դադարեցրե՛ք, դադարեցրե՛ք։ Շարունակեք, խնդրեմ, պարոն վարչապետ»։

Փաշինյանը այնուհետև կրկին անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պնդելով, որ մի շարք հոգևորականներ, իր ձևակերպմամբ, «ուղիղ հրահանգի ենթարկվելով» պատարագների ժամանակ խորանից կոչ են անում Աստծուն պահպանել Արցախի Հանրապետությունը։

«Այսպիսով, եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»,- ասաց Փաշինյանը։

Նա քննադատեց այն մոտեցումը, երբ, իր խոսքով, պատերազմի կոչերին զուգահեռ խոսվում է խաղաղության մասին։

«Այսինքն՝ պատերազմի կոչ անելով Աստծուն պետք չի աղաչել խաղաղության համար։ Պետք է խաղաղությանը տեր կանգնել, պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար»,- հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ սա պատճառներից մեկն է, թե ինչու պետք է «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի»։

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած, իր բնորոշմամբ, «խորը համակարգային ճգնաժամի» վերաբերյալ։

Փաշինյանի խոսքով՝ զեկույցում ներկայացվում են տասնյակ փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից»։

Այս ընթացքում ընդդիմադիր պատգամավորները կրկին արձագանքեցին՝ սեղաններին հարվածելով, և Ռուբեն Ռուբինյանը միջամտեց։

«Հարգելի գործընկերներ, բայց ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ինչքան վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գահ, որը կոչվում է Ամենայն Հայոց, բայց ամեն անգամ, երբ որ քո անունը հնչի, պառակտում մտնի ամեն տեղ։ Ավելի լավ գնահատական այդ վատ աշխատանքին հնարավոր չէ տալ»,- ասաց Ռուբինյանը։

Շարունակելով ելույթը՝ Փաշինյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ Գարեգին Երկրորդի գործունեությունից բխող խնդիրները չեն սահմանափակվում միայն եկեղեցու ներքին կյանքով։

Նա, անդրադառնալով կառավարության 2025-2031 թվականների ծրագրին, նաև ընդգծեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ներառված է կառավարության գործունեության ծրագրում։