Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է․ Վահագն Խաչատուրյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Անկախության օրվա առթիվ․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա և մեր պետականության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ։
35 տարին պետականության պատմության մեջ միաժամանակ երկար և շատ կարճ ժամանակ է ։ Բավական երկար՝ անցած ճանապարհը գնահատելու համար, և բավական կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։
Անկախության օրը, հետևաբար, միայն պատմական իրադարձության խորհրդանիշ չէ։ Այն մեզ համար պատասխանատվության և պարտքի մասին մտածելու օր է։
Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։ Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանի Հանրապետությունը պարզապես մեր ներկայի պետական կազմակերպությունը չէ։ Այն հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Այդ պատճառով պետությունը մեզանից յուրաքանչյուրի համար ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։
Անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։ Ազատությունը սեփական որոշումները կայացնելու և դրանց պատասխանատվությունը ստանձնելու հնարավորությունն է։ Ինքնիշխանությունը սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։
Ուստի պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ։ Այն ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է։
Այսօր մենք իրավունք ունենք մեր պետության մասին խոսելու բաց և անկեղծ՝ տեսնելու ձեռքբերումները, ընդունելու թերություններն ու չկատարված աշխատանքը։ Դրանք շատ են։ Բայց հենց մեր պետության նկատմամբ պատասխանատվությունն է մեզ պարտավորեցնում դրանք լուծել ոչ թե միմյանցից հեռանալով, այլ աշխատելով՝ տարբեր կարծիքներով, բանավեճով և քաղաքական մրցակցությամբ։
Այս տարվա հունիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր հանգրվան էին։ Ժողովրդավարական գործընթացը շարունակվում է, և ընտրությունների արդյունքը նոր քաղաքական պատասխանատվություններ է ձևավորում։ Մենք կարող ենք տարբեր կերպ պատկերացնել Հայաստանի ապագան, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ ու լուծումներ, բայց այդ տարբերությունների հիմքում պետք է մնա մեկ ընդհանուր արժեք՝ Հայաստանի Հանրապետությունը։
Այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է մեր տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։
Մենք կարող ենք և պետք է փոխենք քաղաքականություններ, բարեփոխենք ինստիտուտներ, գտնենք նոր լուծումներ։ Բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։
Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը։
Անկախության 35-րդ տարեդարձը մեզ պարտավորեցնում է երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, ոգով, հավատով ու խիզախությամբ ամրագրել, թե ինչ պետություն ենք ուզում թողնել հաջորդ սերունդներին։
Մեր պատասխանատվությունն է նրանց փոխանցել ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն՝ իր ապագան ինքնուրույն կերտելու ներուժով։
Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է։
Սա է անկախության իմաստը։
Սա է մեր պետական պարտքը։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայությանը Անկախության օրվա առթիվ։
Խաղաղություն և ամրություն մեր պետությանը, ազատություն և արժանապատվություն՝ մեր քաղաքացիներին։
Փառք նահատակներին և
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։