Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացիներին համացանցի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական ծանուցում, հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, թե քաղաքացին իբր կատարել է իրավախախտում, և պահանջվում է վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով։ Նպատակը բանկային տվյալների, գաղտնաբառերի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերի ձեռքբերումն ու հետագայում դրամական միջոցների հափշտակությունն է։
Ոչ մի դեպքում մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։ Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։ Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը։ Եթե չի փակվում՝ Windows-ում օգտագործեք Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc և ստիպողաբար փակեք բրաուզերը։
Վերագործարկելուց հետո մի՛ վերականգնեք նախորդ սեսիայի էջերը։ Եթե արդեն մուտքագրել եք բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անմիջապես կապ հաստատեք ձեր բանկի հետ, արգելափակեք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։
Պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրից։