Բացել լրահոսը Փակել լրահոսը
6989e8357ead34cad2767-c9d4-4d0f-9765-c737f2a37d60.jfif-resize
A A
Պաշտոնական

678 միավոր երաժշտական գործիքների կարգավիճակը կհստակեցվի

678 միավոր երաժշտական գործիքները՝ հարյուր քսանվեց միլիոն վեց հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր իննսուներկու դրամ գնման արժեքով երաժշտական գործիքները սեփականության իրավունքով փոխանցվելու են ՀՀ արտադպրոցական պետական եւ համայնքային ուսումնական հաստատություններին։

Նախագիծը գործադիր մարմնի անդամներին է ներկայացնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված՝ 2013-2022 թ.թ-ին «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով ձեռք բերված 4 անվանում (ստեղնաշարային գործիքներ՝ դաշնամուր, լարային գործիքներ՝ ջութակ, թավ ջութակ, ալտ, փողային գործիքներ՝ տրոմբոն, կլարնետ, սաքսոֆոն, տուբա, գալարափող, հոբոյ, ֆագոտ, ֆլեյտա, շեփոր, ազգային նվագարան՝ ուդ, սանթուր, քանոն, բամբիռ, դուդուկ, շվի, քամանչա, թառ, սազ, քամանի, պարկապզուկ, բլուլ, պկու, սրինգ, զուռնա) գործիքների իրավական կարգավիճակը մնում է ոչ հստակ։

Գործիքները տրամադրված են օգտագործման նպատակով, սակայն դրանց նկատմամբ սեփականության իրավունքը իրավականորեն ամրագրված չէ։

Ստեղծված իրավիճակը պահանջում է համապատասխան կարգավորում՝ ուղղված գույքի արդյունավետ կառավարման, պատշաճ հաշվառման և նպատակային շահագործման իրավական հիմքերի ստեղծմանը։

Խնդիրը կայանում է նրանում, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի» համաձայն, երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրելու նպատակով ձեռք բերված երաժշտական գործիքները փոխանցվել են «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամին՝ անհատույց օգտագործման իրավունքով։

Հիմնադրամը, իր հերթին, համապատասխան գործիքները փոխանցել է վերոնշյալ պայմանագրերի հավելվածներում նշված դպրոցներին՝ կնքելով անհատույց օգտագործման պայմանագրեր։

Որոշման նախագիծը, ըստ հիմնավորման, կնպաստի ոլորտի ռեսուրսների ավելի արդյունավետ բաշխմանը, ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը և մշակութային կրթության հասանելիության ընդլայնմանը՝ ՀՀ ամբողջ տարածքում: