ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին։
Ներկա էին ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ կառույցների, այդ թվում՝ Ֆրոնտեքսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համակարգմամբ ՆԳ նախարարությունը շարունակում է առաջ մղել Գործողությունների ծրագրի կատարումը՝ Կառավարությանը վերաբերելի բոլոր դերակատարների հետ սերտ համագործակցությամբ։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանը քաղաքական հստակ հանձնառություն ունի և հետևողականորեն իրականացնում է Գործողությունների ծրագրով սահմանված պահանջների կատարմանն ուղղված աշխատանքները։
Նա նշել է, որ Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում, իսկ առաջիկայում նախատեսվում է ավարտին հասցնել կարևոր օրենսդրական գործընթացներ։
Ղազարյանը միաժամանակ ընդգծել է, որ օրենսդրական բարեփոխումները պետք է ուղեկցվեն դրանց արդյունավետ կիրարկմամբ։
Այդ համատեքստում նա անդրադարձել է կենսաչափական համակարգին՝ նշելով, որ դրա գործարկումը նախատեսվում է առաջիկայում։
Քննարկվել են Գործողությունների ծրագրով նախատեսված մի շարք կետերի իրականացման ընթացքը, այդ թվում՝ քաղաքացիության մասին նոր օրենքով նախատեսվող մշտական բնակության պահանջները, միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանների համալիր կառավարումն ու վերահսկողությունը։
Առաքելության անդամները կարևորել են Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը և Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականության շրջանակին վերաբերող հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ Նրանք ընդգծել են, որ հանդիպման նպատակն է բաց և կառուցողական երկխոսության միջոցով քննարկել գործընթացում առկա մարտահրավերները, հստակեցնել հարցերը և նախանշել հետագա քայլերը։
Հայկական կողմը վերահաստատել է Գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ում համապատասխան օրենսդրական գործընթացների համար անհրաժեշտ ժամանակը։
Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հանդիպել են ղեկավար կազմի հետ։
Ծառայության պետ Նելլի Դավթյանը նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ իրականացնում է բազմակողմ և հետևողական աշխատանք։
Նա ներկայացրել է Գործողությունների ծրագրին վերաբերող համապատասխան ուղղությունները՝ անդրադառնալով ոլորտային քաղաքականությանը, իրավական կարգավորումներին, մշակվող նոր փաստաթղթերին, կենսաչափական համակարգի ներդրմանը, տվյալների և իրավական ինքնության պաշտպանությանը, սահմանների համալիր կառավարմանն ու ապաստանի տրամադրման գործընթացներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։ Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ և առարկայական քննարկում։
Այնուհետև, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի և «ՀայՓասի» գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի ուղեկցությամբ, ԵՄ գնահատման առաքելության անդամներն այցելել են ֆրանսիական IN Groupe և A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ։
Առաքելության անդամները ծանոթացել են ընկերության նյութատեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև փաստաթղթերի պատրաստման ամբողջական շղթային։
Ներկայացվել են նաև փաստաթղթերի անվտանգության ապահովման, տվյալների պաշտպանության և արտադրական գործընթացի վերահսկողության մեխանիզմները։