Նախարարի աչքերն «անտեսանելի՞» են (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ամփոփել է անցնող 2011 թվականը:
Վերջին տարիներին արձանագրված աղքատության աճը մթագնում է 2011թ. տնտեսական դրական դինամիկան: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին դա այնքան էլ չի մտահոգում, քանի որ գիտի դրա պատճառը։
«Դա գլոբալ տնտեսական ճգնաժամն էր, որը, ցավոք, չշրջանցեց նաեւ Հայաստանը` 2008-09թվականներին»,- բացահայտեց Էկոնոմիկայի նախարարը։
Անցնող տարի Էկոնոմիկայի նախարարի համար մեկ բան էր ակնհայտ. տնտեսության հիմնական ցուցանիշներով 2011-ը աննախադեպ լավ տարի էր։
«Հազիվ թե մեկը կարողանա հերքել, քանի որ եւ օբյեկտիվ թվերը, եւ անտեսանելի աչքով դա կարելի է տեսնել»,- հայտարարեց նախարար Դավթյանը:
Աղքատության մակարդակի նվազեցմանը, ըստ նախարարի, գալիք տարի կնպաստեն նաեւ նոր ձեռնարկությունների ու աշխատատեղերի ստեղծումը: Հայտնի է, որ ՀՀ-ում նոր աշխատատեղեր հիմնականում ստեղծվում են մասնավոր հատվածում, որի ներկայացուցիչներից շատերը վերջին շրջանում սկսել են Հայաստանից տեղափոխել իրենց բիզնեսը, ինչպես օրինակ «Փարիզյան սուրճ»-ը: Տիգրան Դավթյանը համաձայն չէ. «Այդպիսի տենդենց չկա: Չկա մի երկիր, որտեղ ինչ-որ մի գործարար իր բիզնեսը այստեղից այնտեղ չի տեղափոխում: Առանձին դեպքեր ունեն իրենց առանձին պատմությունը»:
Իբրեւ իր խոսքի հավաստիացում` նախարար Դավթյանը նշեց, որ Հայաստանում այսօր գործում է օտարերկրյա կապիտալով 4500 ընկերություն, որոնց թիվը ամեն տարի 200-300-ով ավելանում է:
Բացի այդ, հայկական կապիտալով ընկերություններ են ստեծվում նաեւ տարածաշրջանում, որոնք էլ նպաստում են տեղական ապրանքների արտահանման ծավալների մեծացմանը:
Ի դեպ, վիճակագրական տվյալներով` այս տարի գումարային մուտքերն ավելի մեծ են եղել, քան արտահանման ծավալները։