Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիտվայում կարեւորվել են ՀՀ ընտրությունները

Պաշտոնական
1a5738508b44bcd6c4205d4f693bd193

Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ:

Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը՝ ՀՅԴ խմբակցությունից:

Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների
խորհրդարանների միջեւ:


Լիտվական կողմը կարեւորել է Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարական լինելը, իսկ հայկական պատվիրակությունը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:

Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին եվրոպական չափանիշներին էլ ավելի համապատասխանելու հարցում:

Խորհրդարանականները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը:

ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության
կարգավորումը` հայտնի սկզբունքների հիման վրա եւ հավելել, որ ԼՂ
հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

«Արցախի  միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային Լիտվայի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար:

 Ա. Նռանյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման հարցում: ՀՅԴ պատգամավորը ողջունել է Լիտվայի աջակցությունը` որպես ԵՄ անդամ երկիր, Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին: