Արդարադատության նախարարության շենքը կքանդվի
Գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է իրականացնել Երևանի Վազգեն Սարգսյան N 3 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքի և Զաքյան N 2/1 հասցեում գտնվող կաթսայատան և լաբորատոր շենքի քանդման աշխատանքները։ Այդտեղ կառուցվելու է նոր շենք։ ՀՀ վարչապետի հավաստմամբ` ճարտարապետական այդ լուծումները կներկայացվեն հանրության հրապարակային քննարկմանը։ «Մենք նաև մտադիր ենք այդտեղ տեղափոխել մեր գերատեսչություններից մի քանիսը` արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները։ Այնպես որ, առաջին քայլն ենք անում այդ ուղղությամբ, պետք է նոր շենքի ճարտարապետական լուծումները հաստատենք։ Երկու անգամ ավելի շատ տարածք կստանանք և կբարելավենք վիճակը», - եզրափակել է վարչապետը։
Վերաբաշխեցին պետբյուջեն
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք միտված են ապահովելու «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շարունակականությունը, ինչպես նաև նույնականացնելու սուբսիդավորման պայմանագրի օրինակելի ձևը, վարկավորման գործընթացն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ «Սա այն որոշումն է, որով մենք լրացուցիչ 7.5 մլրդ դրամ ենք տրամադրելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար, - հիշեցրել է վարչապետը։ - Գործընթացն սկսվելու է ապրիլին։ Սա սպասված որոշում է, մանավանդ գիտեք, որ մենք էժան գնով դիզվառելիք և պարարտանյութ ենք առաջարկում մեր գյուղացիներին, և այս ֆինանսական օժանդակությունը նրանց հնարավորություն կտա նաև այդ վճարումներն իրականացնել»։
Վերաբաշխելով 2012 թ. պետբյուջեն, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացրել է 219 մլն 491 հազար 900 դրամ` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով (առցանց) իրականացնելու համար ձեռք բերված սերվերի դիմաց վճարումն իրականացնելու նպատակով։
Կկառուցվի նոր մայրուղի
Գործադիրը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի` «Սահակյանշին» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հա հողամասի օտարման առաջարկությանը հետևյալ պայմանով. հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 3-7 տարում։ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ֆինանսավորման շրջանակային համաձայնագրի իրականացման նպատակով գործադիրը հաստատել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը» և «Փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը»։
Որ բնակիչներին չխաբեն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնք թելադրված են կառուցվող շինությունների նկատմամբ իրավունքների գրանցման իրավական հիմքերի ներդրման անհրաժեշտությամբ։ «Փաստորեն հարյուրավոր մեր քաղաքացիներ չարդարացված ռիսկի են դիմել և դրա հետևանքով հիմա խաբված են, չեն կարողանում ոչ բնակարան ստանալ, ոչ էլ իրենց գումարները։ Նաև քրեական գործ է հարուցված, որ հասկանանք` ինչ չարաշահումներ են տեղի ունեցել։ Այս մեխանիզմը փաստորեն կբացառի ապագայում նման երևույթների ի հայտ գալը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախահաշիվը հաստատվել է
Գործադիրը հաստատել է ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի «Մարդու իրավունքների պաշտպանին միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2012 թ. ծախսման նախահաշիվը։
Կառավարությունը փոխել է Սյունիքի մարզի Սառնակունքի և Վարդանիձորի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հասարակական կառուցապատման և փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության համար։