Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք է առաջադրվել 11 անձանց

Պաշտոնական
5d8a03df323b0f6d969c855e0f040cf7

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թվով 6 նախկին օդաչու կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման եւ վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք եւ կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ չարաշահումների, խախտումներ են հայտնաբերվել նաեւ նախկին օդաչուների կենսաթոշակների հաշվարկման եւ վճարման ընթացքում:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2009թ. օգոստոս ամիսց մինչեւ 2010թ. փետրվարն ընկած ժամանակահտվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Է. Միրզոյանի կազմակերպմամբ եւ նախկին բորտ-ուղեկցորդուհի Կ. Խալաթյանի միջնորդությամբ նախկին օդաչուներ Ա. Հակոբյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Տ. Սիմոնյանը, Ս. Հովհաննիսյանը եւ Ծ. Ասատրյանը Կ. Խալաթյանին տվել են ընդհանուր 16 800 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավիթաշեն» տարածքային բաժնի նախկին պետ Ս. Հակոբյանին եւ նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Վարդանյանին որպես կաշառք փոխանցելու համար:

Միջնորդության համար իր եւ Է. Միրզոյանի բաժնեմասը վերցնելուց հետո Կ. Խալաթյանը զգալի եւ խոշոր չափերով` ընդհանուր 7 600 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել է Ս. Հակոբյանին եւ Գ. Վարդանյանին` կենսաթոշակառուներ Ա. Հակոբյանի, Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Տ. Սիմոնյանի, Ս. Հովհաննիսյանի եւ Ծ. Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում եւ հաշվարկ-կարգադրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, իրենց գործողություններով հիշյալ կենսաթոշակառուներին տարբեր ժամանակահատվածներում խաբեությամբ թռիչքային գրքույկներում թռիչքային ժամերի հավելագրումների եղանակով ավել հաշվարկված ընդհանուր 7 855 650 դրամ խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարները ստանալուն եւ հափշտակելուն օժանդակելու դիմաց:
Նախաքննության ընթացքում օդաչու-կենսաթոշակառուների կողմից հափշտակված կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։