Կլանել է փոքր լցակայանները (տեսանյութ)
«Սիթի Պետրոլ Գրուպ»-ը սնանկացրել է բազմաթիվ փոքր բենզալցակայանների: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը պարզել է, որ այս ընկերությունը գերշահույթ ստանալու նպատակով «գնային հակամրցակցային քաղաքականություն է իրականացրել»։
«Այս ընկերությունն իր վարքագծով հենց միտումնավոր կերպով ուղղված է եղել հենց մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին սննկացնելու եւ կլանելու եւ այս իմաստով լուրջ վտանգ է ներկայացնում բիզնեսի զարգացման համար»,- այսօր հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահի օգնական Արման Մանասյանը:
Դիզելային վառելիքի եւ բենզինի իրացման շուկայում գործող 4 ընկերություններից ամենախոշորը «Սիթի Պետրոլ Գրուպ»-ն է: Նրան է պատկանում շուկայի 40 տոկոսը: Այս ընկերությունը մարզերում գործող իր բենզալցակայաններում բենզինը վաճառել է 420 դրամ ինքնարժեքով: Նույն գնով էլ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը բենզինը մատակարարել է մրցակից բենզալցակայաններին, որոնք չեն կարողացել ավելի բարձր գին սահմանել ու շահույթ ստանալ: Արդյունքում այս բենզալցակայանների որոշ սեփականատերերն իրենց բիզնեսը ստիպված կամ վաճառել են «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին, կամ կնքել անշահավետ պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի` «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին պատկանելու էր շահույթի 98 տոկոսը։
Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ միայն Վանաձորում այս ընկերությունն արդեն ունի 8 բենզալցակայան, որից 7-ը ձեռք է բերել սնանկացման ճանապարհով: Այդ պատճառով, հանձնաժողովի անդամները պահանջեցին խիստ պատասխանատվության ենթարկել «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին՝ գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակել տուգանք 100 մլն դրամի չափով:
«Սիթի Պետրոլ Գրուպ»-ից որեւիցե պարզաբանում չհաջողվեց ստանալ, քանի որ ընկերության ներկայացուցիչներից որեւէ մեկը ներկա չէր հանձնաժողովի այսօրվա նիստին:
Տեղեկացնենք, որ տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի կողմից «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթին։
«Մինչեւ 300 մլն դրամ տուգանք է հասնում, մարդիկ հանգիստ վճարում են եւ 30 մլրդ կամ 300 մլրդ շահույթ են ստանում: Պետք է բռնագանձել այդ շահույթն ամբողջությամբ, որն առաջացել է մոնոպոլիայի հետեւանքով»,- հայտարարել է Հրանտ Բագրատյանը:
Տնտեսվարողի պատասխանը
«Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը հաղորդագրություն էտարածել, որտեղ անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց 100 մլն դրամով տուգանելու խնդրին:
«Ինչպես արդեն տարածվել է մամուլի միջոցներով` ՏՄՊՊՀ-ի այսօրվա` մարտի 14-ի նիստում որոշում է ընդունվել գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությանը 100 միլիոն դրամով:
Տեղեկացնում ենք, որ ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը մեզ պաշտոնապես դեռ չի ուղարկվել, եւ, հետեւաբար, պատշաճ պարզաբանումներ չենք կարող տալ այդ կապակցությամբ: Ի դեպ, այդ նիստում որոշումը կայացվել է առանց «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի ներկայացուցչի մասնակցության:
Նշանակված տուգանքի այն հիմնավորումները, որոնց մենք ծանոթացել ենք ՏՄՊՊՀ-ի կայքէջից` մեզ համար ընդունելի չեն եւ տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով»,-ասված է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի տարածած հաղորդագրության մեջ: