Բանակցում են՝ մեծ շուկա մտնելու համար
Հայաստանի համար բացվում է ազատ առևտրի հնարավորություն` մեծ շուկայում, որտեղ մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում 30-40 հազար դոլար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը եւ տեղեկացրեց, որ Հայաստանը բանակցություններ է սկսել Եվրոպական միության հետ, խորը և համապարփակ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ։
Ըստ պատգամավորի. «սա կհանգեցնի նրան, որ Հայաստանի տնտեսական ոլորտը կբարձրացնի իր ծառայությունների որակը», որի համար նախևառաջ անհրաժեշտ են ներդրումներ:
Պարոն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ պայմանագիրն իրականություն դառնալու պարագայում Հայաստանում կձեւավորվի գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որն էլ կհանգեցնի կրթական եւ գիտական ոլորտի բարելավմանը:
Պատգամավորը նշեց, որ ԵՄ-ին ինտեգրվելու հասկացությունը մեր երկրում շատերը սխալ են ընկալում։
«ԵՄ-ին ինտեգրվել ասելով, միանգամից պատկերացնում են տղամարդու շորերով կին և հակառակը, որը իհարկե պատկերացումների շատ ցածր սանդղակ է: ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարող է հնարավորությունների դրսևորման նոր հարթակ ձեւավորել: Ինտեգրումը միջազգային տնտեսական համայնքին՝ նոր դուռ է բացում արտաքին տնտեսական քաղաքականությունը բազմազան ուղղություններով զարգացնելու համար»,- բացատրեց Կարեն Ճշմարիտյանը:
Նա նշեց, որ 2003-2004 թթ. նման բանակցությունների մասին զրույցներն անգամ կարող էին միայն երազանք լինել։ Իսկ ահա վերջին տարիների իրենց ակտիվ աշխատանքը, ըստ պարոն Ճշմարիտյանի, հանգեցրեց այդ երազանքի իրականացմանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ վերջին երկիրը, որն ազատ առևտրի պայմանագիր է կնքել ԵՄ հետ՝ Հարավային Կորեան է: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի հետ բանակցությունները կտևեն 2-3 տարի: