Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն ընդունել է Գիդո Վեստերվելլեին

Պաշտոնական
ffe65247555916185dbe9dd9644bbc05

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեին:

Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաբնույթ համագործակցության դինամիկ ու շարունակական զարգացմանը:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը շահագրգիռ է բոլոր ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական և այլ, խորացնելու հարաբերությունները բարեկամ Գերմանիայի հետ:

Նախարար Գիդո Վեստերվելլեն էլ է գոհունակությամբ խոսել հայ-գերմանական հարաբերությունների մասին, նշելով, որ երկու երկրները սերտորեն աշխատում են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ և փոխադարձ վստահությամբ են վերաբերում միմյանց: Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի այս հոբելյանական տարում իր երկիրը ցանկանում է մինչև այժմ եղած ձեռքբերումների հիման վրա ընդլայնել և զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները, տարածաշրջանային մարտահրավերներն ու խնդիրները: Երկուստեք կարևորվել է նաև Գերմանիայի հետ համագործակցությունը Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում՝ նկատի առնելով Գերմանիայի առանցքային դերը Եվրոպայում և եվրակառույցներում:

Տեղեկությունը փոխանցել է ՀՀ նախագահական նստավայրի մամուլի ծառայությունը։