Սարգսյանը ավտոբուս է նստել
Սերժ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Երևան քաղաքում: Նա նախ այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակվում են բարեփոխումներ իրականացվել թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում: Սերժ Սարգսյանը շրջել է համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:
Հիվանդանոցային համալիրում շրջայցից հետո, Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ծանոթացել է կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի բարելավման նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսների հնարավորություններին, որոնք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում և, համաձայն Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտային հոսքերը: Ավտոբուսները ներկրվել են Նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: «Հայգեր» մակնիշի թվով 249 այդ ավտոբուսները՝ ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ և 22 նստատեղով, համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով: Ավտոբուսների միջնամասի հարթակը նախատեսված է նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է մինչև տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:
Ավտոբուսներից մեկով Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակից մեկնել է Շահումյան հրապարակ, որտեղ ծանոթացել է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի ներկայացրած «Հայփոստ»-ի նորացված ավտոտրանսպորտային միջոցներին:
«Հայփոստ»-ի ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա լայնածավալ ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հավատարմագրային կառավարիչը ձևավորում են «Հայփոստ»-ի կառավարման նոր մոդել, որը հիմնված է արդիականացման Մաստեր պլանի վրա: Նորացված «Հայփոստ»-ը, ընկերության ղեկավարության հավաստմամբ, կապահովի ամենաօպերատիվ կապը Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմաններից դուրս գտնվող անձանց միջև: