Պարզեցվում է սերմի ներկրումը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին։
Օրենքի նախագիծն ընդունելու դեպքում տնտեսվարողները կարող են առանց սահմանափակման ՀՀ տարածք ներմուծել բույսերի ցանկացած սորտի սերմացու։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով այս որոշմամբ էապես պարզեցվում է Հայաստան սերմերի ներկրման խնդիրը, ինչը մեծ օգնություն է այս ոլորտով մասնագիտորեն զբաղվողների համար։
Սահմանափակման հիմքերը
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, թելադրված է անձի նամակագրության, հեռախոսային խոսակցության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը սահմանափակող ապացույցներ ներկայացնելու կարգը ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին արել է մի քանի առաջարկություններ, որոնք ընդունվելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծի ընդունումը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։