Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սակագինը կլինի՞ ցածր

Պաշտոնական
c2109152563149832e2225de140d329c

 Կառավարության որոշմամբ «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 25-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2015 թ. մարտի 25-ը։ Ընկերությունը նախատեսում է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տարածքում կառուցել մոտ 3 հազար քմ մակերեսով գործարան' ջուր ածխային վառելիք արտադրելու նպատակով և տարեկան արտադրել մոտ 0.91 մլն տոննա վառելիք, ստեղծել առնվազն 45 նոր աշխատատեղ։ Վարչապետի դիտարկմամբ որոշումն իր դրական ազդեցությունն է թողնելու նաև սակագների վրա, որովհետև արտադրվող էլեկտրաէնեգիայի ինքնարժեքն ավելի ցածր է լինելու։

Էլի գերակա շահ

Գործադիրը որոշել է Երևանի քաղաքապետին լիազորել ՀՀ անունից «Ավագ-շին» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր, որոնց կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել նոր բացառիկ' գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչպես նաև տարածքում կառուցված շենքից համապատասխան տարածքը հանձնել ՀՀ ոստիկանությանը։

 Գումար քաղավիացիային

ՀՀ թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության Մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտեգրումից հետո' 2011 թ. մատուցված աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին վճարելու նպատակով գործադիրը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացրել է 4 հազար 457.70 եվրոյին համարժեք դրամ։

Նոթբուքերը հետ վերցրին

Կառավարության որոշմամբ 20 հատ նոթբուք համակարգիչ հետ է վերցվել «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ից և ամրացվել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին։ Նշված սարքերը կօգտագործեն նախարարարության հավատարմագրման և արտոնագրման գործակալության և «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցները։

Աուտիզմի հիմնադրամ

Կառավարությունը որոշել է հիմնադրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ», հաստատել դրա կանոնադրությունը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ստեղծել աուտիզմ և զարգացման այլ խանգարում ունեցող անձանց վերականգնման, կրթության և զբաղվածության անհրաժեշտ պայմաններ։