Հավաքագրման արդյունքներն են ամփոփել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը նիստն սկսել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքի ամփոփումով։ «Քանի որ հարկային եկամուտների խնդիրը 2011 թվականին բուռն քննարկման առարկա էր, և մտահոգություն կար բյուջեի կատարման հետ կապված` ուզում եմ ձեզ ներկայացնել առաջին եռամսյակի արդյունքները», - ասել է վարչապետը։ - Մենք հարկային և մաքսային հավաքագրման, ինչպես նաև սոցիալական ապահովության վճարների ծրագիրն ամբողջությամբ կատարել և նույնիսկ գերակատարել ենք։ Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ Այսպիսով, ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, և համոզված եմ, որ այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանենք։
Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն իսկ հաստատել ենք, համաձայնության ենք եկել Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Հանձնարարական է տրված բոլոր գերատեսչություններին, որպեսզի իրենց ծախսային ծրագրերը նախապատրաստեն երեք տարվա կտրվածքով։ Այդ քննարկումը նույնպես կսկսենք, որպեսզի ըստ գերատեսչությունների մեզ համար հստակ լինեն առաջիկա երեք տարիների մեր ծախսերը»։
Փախստականների «ստաժի» հարցը
ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կլուծվի 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց ապահովագրական ստաժը սահմանելու հարցը։ Փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ, անձնագիր և անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Այդ խնդրով զբաղվում է կառավարության որոշմամբ ստեղծված ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովը։
Ներդրվում են անձը հաստատող «նոր սերնդի» փաստաթղթերը
ՀՀ կառավարությունն իր երեք որոշումներից մեկով սահմանել է ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, վերջինիս տրամադրման կարգը, մյուսով` առավել սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարի չափը, վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը, երրորդով` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը, տեղեկանքի ձևը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու կարգը։
10 մլն դրամ ուկրաինացիներին
Ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 10 մլն դրամ։ Գումարը կօգտագործվի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ծրագրերի իրականացման նպատակով։