Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեմինար դատավորի վարքագծի վերաբերյալ

Պաշտոնական
4bdd772a869629424ebb2b0e01aa5fb7

Ապրիլի 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանում ՀՀ դատավորների միությունը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) հետ համատեղ Հայաստանի Հանրապետության դատավորների համար կազմակերպել էր սեմինար` «Դատավորի վարքագծի կանոնները և դրանց կիրառումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Այս մասին հայտնում է Դատական դեպարտամանտի մամլո ծառայությունը։

Դավիթ Ավետիսյանը, ողջունելով դատավորներին և հյուրերին, նշեց Դատավորի վարքագծի կանոնների և կանոնների մեկնաբանությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Դեռևս 2006 թվականի Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ կազմավորվեց աշխատանքային խումբ, որի ջանքերով ստեղծվեց «ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրքը»: Կանոնագիրքը հավանության էր արժանացել ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովում և հաստատվել Դատարանների նախագահների խորհրդի կողմից:

2007 թվականին նույն աշխատանքային խմբի ջանքերով ստեղծվեց «ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանություններ» ձեռնարկը: Դատավորի վարքագծի մի շարք կանոններ ներառվեցին նաև ՀՀ դատական օրենսգրքում:

Աշխատությունն իր տեսակով եզակի էր, քանի որ տարածաշրջանում և մի շարք եվրոպական երկրներում դեռևս չունեն նման ձեռնարկ:
Անցել են տարիներ, և անհրաժեշտություն էր առաջացել թարմացնել և վերամշակել «ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունները»:

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության օժանդակությամբ կրկին կազմավորվեց աշխատանքային խումբ, և շուտով հասարակության դատին կհանձնվի նոր, լրամշակված և թարմացված «ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանություններ» ձեռնարկը:
Ձեռնարկն ունի մեծ նշանակություն, քանի որ շատ հաճախ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է դառնում հենց Դատավորի վարքագծի այս կամ այն կանոնը դատավորի կողմից պարբերաբար և կոպտորեն խախտելը:

Ձեռնարկի ամենակարևոր նպատակներն են` բարձրացնել դատավորի անկախությունն ու պատասխանատվությունը և իհարկե` բարձրացնել հասարակության վստահությունը դատական իշխանության և դատավորի հանդեպ:

Փորձագետ Ռիչարդ Է.Գրաուին (ԱՄՆ շրջանային պաշտոնաթող դատավոր), անդրադառնալով դատավորի վարքագծի կանոններին, իր խոսքում մատնանշեց դատավորի վարքագծի վեց սկզբունքները` անկախություն, անաչառություն, սկզբունքայնություն, վարքագծի կանոնների պահպանում, հավասարություն, որակավորում և ջանասիրություն: