Էլեկտրոնային ստորագրությունը էժանացել է
Կառավարությունը սուբսիդավորում է Փոքր և միջին ձեռնարկատիրությանների էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու ծախսերը: Մասնավորապես, 13 հազար 500 դրամի դիմաց այն հնարավոր կլինի ստանալ 3 հազար 500 դրամով:
Այս մասին նշվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում։
Ըստ կառավարության մամլո ծառայության՝ կպարզեցվի նաև բազմաբնակարան շենքերում բնակարանները ոչ բնակելի տարածքի փոխելու ընթացակարգը՝ որպես տարբեր տիպի գրասենյակներ օգտագործելու համար: Գրասենյակային տարածքների փոփոխումը բնակարանների և հակառակը կկատարվի միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի միջոցով: Բարեփոխման նպատակն է՝ պարզեցնել համապատասխան ընթացակարգերը և բիզնես իրականացնելու տեսանկյունից վերացնել լրացուցիչ խոչընդոտները:
Անցնելով օրակարգային հաջորդ՝ հավաքական բեռի փոխադրման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ հարցին, նշվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկվելու են հավաքական բեռների արտահանման ձևակերպումների ընթացքում խոչընդոտ հանդիսացող դեպքերը՝ առկա խնդիրները կարգավորելու նպատատակով:
Քննարկվել է նաև «ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերանայման նպատակահարմարության հարցը: Առաջարկվել է համապատասխան փոփոխությունների միջոցով պարզեցնել բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերը, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, և Հայաստանով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև գործարար համայնքի կողմից բարձրացված հարցերը, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և առաջարկություններ: