Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը Արարատում էր

Պաշտոնական
a73ee8e980f6c9518b2c40a76d4cb4b9

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Նա  այցելել է Այնթափ համայնքում կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել մանկապարտեզը հնարավորին շուտ շահագործման հանձնելու հետ կապված խնդիրները՝ նկատի առնելով, որ Այնթափի շուրջ 250 երեխաների մեծ մասը համայնքի կողմից վարձակալված ավտոբուսներով հաճախում են հարև­ան համայնքների մանկապարտեզներ:

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում նա այցելել է նաև «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի Սուրենավանի քարերի վերամշակման գործարան, որտեղ ընկերությունն այժմ բնական քարե սալիկներ արտադրելու համար կառուցում է վերամշակող նոր արտա­դրա­մաս և նախա­տես­ում է ապրիլ-մայիս ամիսներին սկսել այդ արտադրամասի փորձարկումները: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ անհրաժեշտ շենքերի-շինությունների կառուցումն արդեն ավարտված է, տեղադրված է իտալական արտադրողներից ձեռք բերված սարքավորումների մեծ մասը:

Նշվել է, որ Սուրենավանի քարերի վերամշակման գործարանը հնարավորություն ունի արտադրելու տարեկան մոտ 240 հազար քմ. բնական քարերի երեսպա­տ­ման սալիկներ: Ներկայում գործարանում աշխատում է 132 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-130 հազ. դրամ: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, նոր արտադրամասի շահա­գործումից հետո աշխատողների թիվը կավելանա ևս 80-ով:

 Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի հանքային ջրերի գործարան: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել հանքային ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրություն, որի 70%-ը իրացնելու է Հայաստանից դուրս: Նախագահի այցի ժամանակ այսօր փորձարկվել է եվրոպական նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամասը:

Գործարանում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ արտադրության կազմակերպման նպատակով Հայաստան են ներմուծվել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիաներ: Նախատեսվում է արտադրել պլաստմասե շշերի նախապատրաստուկ, պոլիէթիլենից շշեր, կափարիչներ ու արկղեր, CO2 գազ (բժշկական մաքրության), հան­քա­յին և քաղցրահամ ջրեր, բնական գազավորված ըմպելիքներ: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, արտադրական հզորու­թյուննե­րը թույլ են տալիս շշալցնելու 1 ժամում մինչև 30000 շիշ:

Նա մարզի Արտաշատ քաղաքում ծանոթացել է քաղաքային լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքներին ևս, որոնք մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահի Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա:

Արտաշատ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քաղաքային լիճը, որը կառուցվել է 1969-1970թթ. և հանդիսացել Արտաշատ քաղաքի ազգաբնակչության հանգստի ամենասիրելի վայրերից մեկը, լիճ լցվող ստորերկրյա ջրերի նվազման հետևանքով 1988թ-ից սկսել է ճահճանալ՝ լուրջ վտանգ հանդիսանալով տարածքի էկոլոգիական վիճակի ու մարդկանց առողջության համար:

Նրա հանձնարարականից հետո, 2011թ. «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր և ՀՀ կառավարության պահուստային միջոցների հաշվին լուծվել է ֆինանսավորման հարցը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքերը կավարտվեն 2012թ. մայիս ամսին: