Իսրայելական երինջն ու հայկական ծիրանը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իսրայելի պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին նշված նախարարության աշխատակազմի ղեկավար Ուրի Բասոն, արտաքին կապերի վարչության պետ Արիե Ռեգևը, ՀՀ Իսրայելի պետության արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը, Իսրայելի պետության արտաքին գործերի նախարարության դեսպան Գիորա Բեչերը:
Ողջունելով հյուրերին, Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության այսօրվա նկարագիրն ու ցուցանիշները, նշելով, որ ի տարբերություն Իսրայելի, մեզանում ոլորտը միայն վերջին տարիներին` անկախությունից հետո է բռնել ինտենսիվ զարգացման ճանապարհ, և այստեղ մեզ խիստ անհրաժեշտ է աշխարհի, և մասնավորապես, Իսրայելի առաջադեմ փորձի կիրառումը:
Անդրադառնալով գյուղատնտեսության մեջ ակնկալվող գործակցության նոր հեռանկարներին՝ նա առանձնակի կարևորեց Իսրայելից տոհմային երինջների և կենդանիների պատվաստանյութերի ներկրումը, Հայաստանում կենդանիների արհեստական բեղմնավորման իսրայելական ծառայության ստեղծումը, ջրի խնայողական օգտագործման ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը` ինչպես ոռոգման համակարգում, այնպես էլ ձկնաբուծության մեջ, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման համակարգի և գյուղատնտեսական կոոպերացիաների ստեղծման իսրայելական հարուստ փորձի օգտագործումը մեզանում:
«Համագործակցությունը պետք է երկկողմանի լինի, կարծում եմ, մեզ մոտ նույնպես ձեզ հետաքրքրող ոլորտներ կան, օրինակ, հայկական մրգի և բանջարեղենի, վերամշակված գյուղատնտեսական մթերքների, կոնյակի և գինիների արտահանումը Իսրայել կազմակերպելու հարցը: Աշխարհին է հայտնի, թե ինչպիսի համային և որակական հատկնիշներ ունեն դրանք: Մանավանդ, հայկական ծիրանը, որի պահանջարկը գնալով մեծանում է: Կարող ենք համակողմանի օժանդակություն ցուցաբերել նաև իսրայելցի այն գործարարներին, որոնք ներդրումներ կկատարեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: Ինքներդ էլ կարող եք համոզվել, որ մեզ մոտ բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել բիզնես ծրագրերի իրականացման համար»,-նշել է նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տիկին Օրիթ Նոկեդը իր հայ գործընկերոջը հրավիրեց մայիսին պաշտոնական այցելության Իսրայել, ուր և հնարավորություն կունենա մասնակցել նախատեսվող խոշոր գյուղատնտեսական ցուցահանդեսին:
«Երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների համագործակցության համաձայնագիրն արդեն պատրաստ է, և ես հույս ունեմ, որ այդ օրերին մենք կվավերացնենք կարևոր այդ փաստաթուղթը»,- նշեց նա:
Այս մասին հայտնում է Գյուղնախարարության մամլո ծառայությունը։